Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական շեշտադրումը տեղափոխել են դեպի երիտասարդությունը։ Խոսքը պարզապես սերնդային թարմացման մասին չէ, այլ հստակ հաշվարկված քայլի՝ ուղղված հատկապես առաջին անգամ ընտրության գնացողներին և այն երիտասարդներին, որոնք կա՛մ չեն հասցրել ամբողջությամբ գնահատել անցած ութ տարիների քաղաքական զարգացումները, կա՛մ դրանց նկատմամբ չունեն ձևավորված հստակ դիրքորոշում։
Նիկոլ Փաշինյանի սոցցանցային վարքագիծը վաղուց արդեն դուրս է եկել դասական քաղաքական հաղորդակցության սահմաններից։ Առավոտյան «սրտիկները», թեթև, երբեմն ժարգոնային արտահայտությունները, ինքն իրեն «քուլ» ներկայացնելու փորձերը նպատակ ունեն ստեղծելու մտերմիկ, «ձեզնից մեկը» առաջնորդի կերպար։ Սա ազդում է այն սերնդի վրա, որի համար քաղաքական լրջությունը հաճախ զիջում է էմոցիոնալ նույնականացմանը։ Երիտասարդը կարող է չկարդալ երկար ծրագրային տեքստ, բայց կտեսնի տեսանյութը, որտեղ երկրի ղեկավարը ժպտում է, կիսվում առօրյայով, իրեն ներկայացնում ոչ թե որպես խիստ պաշտոնյա, այլ որպես հասանելի մարդ։
Նույն տրամաբանության մեջ էր «Վարչաբենդը», որտեղ Փաշինյանը նվագում էր, նախարարները պարում էին, իշխանական ներկայացուցիչներն էլ՝ սելֆի անում։ Ըստ մամուլում շրջանառվող տվյալների՝ միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 30 միլիոն դրամի չափ գումար։ Թեև նախաձեռնությունը ներկայացվեց որպես մշակութային կամ թիմային մթնոլորտ ձևավորող միջոցառում, քաղաքական ենթատեքստը դժվար է անտեսել։ Երբ երկրի ղեկավարը բեմում է, երբ նախարարները հանդես են գալիս ոչ թե պաշտոնական ելույթներով, այլ ժամանցային ձևաչափով, սա ուղերձ է հատկապես երիտասարդին՝ «տես, մենք քեզ նման ենք, մենք կյանքին նայում ենք քո աչքերով»։
Այս ֆոնին նկատելի է, որ ՔՊ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները ևս աստիճանաբար տեղափոխվել են բլոգերային հարթություն։ «Նորմալ է, նորմալ չէ» շարքեր, միմյանց ուղղված չելենջներ, հումորային տեսանյութեր, սրտիկներով գրառումներ։ Քաղաքական գործիչը վերածվում է կոնտենտ ստեղծողի։ Սա պատահական չէ․ երիտասարդ ընտրողը սպառում է կարճ տեսանյութ, արագ մեսիջ, պարզ էմոցիա։ Եվ եթե նպատակն է վերարտադրվել, ապա պետք է խաղալ հենց այդ դաշտում։
Տպավորություն է, որ իշխանությունը գիտակցել է՝ ավագ սերնդի հետ հույս կապելը դժվար է։ Թոշակառուների շրջանում դժգոհությունը բարձր է՝ թե՛ թանկացումների, թե՛ թոշակների անբավարարության պատճառով։ Քաղաքականապես ավելի գիտակից քաղաքացիների մի հատված չի համակերպվել Արցախի կորստի, զիջողականության քաղաքականության և «նոր հանրապետություն» գաղափարական ձևակերպումների հետ։ Այս պայմաններում ամենահարմար թիրախը մնում է այն երիտասարդը, որը դեռ չունի երկար քաղաքական հիշողություն և որի ընկալումը ձևավորվում է հիմնականում սոցիալական ցանցերի միջավայրում։
Այս ամենը հիշեցնում է ոչ թե դասական պետական կառավարում, այլ սերնդային բրենդավորման գործընթաց։ Փաշինյանի «սրտիկները», պարող նախարարները, չելենջներ անող պատգամավորները մեկ նպատակի են ծառայում՝ ստեղծել էմոցիոնալ կապ այն շերտի հետ, որը կարող է ապահովել քաղաքական վերարտադրություն։ Հարցն այն է՝ արդյո՞ք այդ էմոցիոնալ կապը երկարաժամկետ է լինելու, թե երիտասարդ ընտրողը ժամանակի ընթացքում կդառնա պահանջկոտ՝ գնահատելով ոչ թե ոճը, այլ բովանդակությունն ու արդյունքը։
Նարե Գնունի

Русский