Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանը Հայաստանի համար կթանկացնի գազի գինը, կփակի իր շուկան հայկական արտադրանքի համար․ ո՞րն է ԵՄ-ի նպատակը

Blog Image

Արդեն հայտնի է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը 9-14 հոգուց բաղկացած հիբրիդային արագ արձագանքման թիմ է տեղակայելու Հայաստանում՝ հնարավոր հիբրիդային միջամտությունները կանխելու պատրվակով։ Հայաստանյան լրատվամիջոցներին հասանելի է դարձել արագ արձագանքման առաքելության հայտարարությունը, որում նշված է, որ այդ խումբը պետք է պայքարի արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների, ինչպես նաև կիբերսպառնալիքների դեմ, իբրև Հայաստանը բախվում է հիբրիդային ինտենսիվ գործողությունների, որոնք մեծ հավանականությամբ կսրվեն ընտրությունների շեմին։ Բրյուսելը չի թաքցնում, որ իր թիրախում Ռուսաստանն է՝ որպես բոլոր այս գործողությունների հնարավոր կառավարիչ։ 

 

MediaHub-ի հետ հարցազրույցում այդ փաստաթղթի բովանդակության շեշտադրումներին է անդրադարձել քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը։

 

- Պարոն Նահապետյան, ԵՄ-ի այս փաստաթղթի տակ իրականում ի՞նչ մտադրություններ են թաքնված։ Իսկապե՞ս Բրյուսելը շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների ապահովմամբ և իսկապե՞ս Ռուսաստանից հիբրիդային սպառնալիքներ կան հայաստանյան ընտրական գործընթացներին միջամտելու հետ կապված, որի դեմն էլ փորձում է Բրյուսելն առնել և որի մասին ամեն բարձրախոսի առաջ ահազանգում են իշխանությունների ներկայացուցիչները։

- Հիբրիդային պատերազմ բառակապակցությունը սկսեցին շրջանառել մեկ նպատակով՝ իբր ապացուցելու, որ ինչ-որ երկիր կամ երկրներ ընտրությունների նախաշեմին փորձելու են միջամտել ընտրական գործընթացներին։ Որից հետո կարող են ներկայացնել, որ համապետական ընտրություններին մասնակցող որոշ կուսակցություններ կամ դաշինքներ կապ ունեն այդ գործընթացների հետ, և նրանց կզրկեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ ասելով, թե այլ պետությունների շահերն են սպասարկում Հայաստանում։ Ինչպես վարվեցին Մոլդովայում․ այնտեղ երկու ուժի թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին։ Իշխանության ներկայացուցիչներն արդեն խոսում են այդ սցենարի հնարավորության մասին՝ տալով կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների անուններ և նրանց դիտարկելով որպես Ռուսաստանի հետ սերտ համագործակցողներ ՝ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Բայց բոլոր այս պնդումները որևէ հիմք չունեն։ Առավել ևս Ռուսաստանից սպասվող սպառնալիքների հետ կապված։ Մեկ հարց եմ ուզում տալ՝ 1991 թվականին Ռուսաստանը ՀՀ-ի հռչակումից հետո մեր դեմ տաք պատերա՞զմ է մղել։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, ոչ միայն չեն պատերազմել, այլ Ռուսաստանը երեք անգամ անմիջական միջամտությամբ կանխարգելել է Թուրքիայի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ 1992 թվականի մայիսին, 1993 հունիս և հոկտեմբեր ամիսներին, երբ Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա ուղղակի հարձակում էր պատրաստվում, Ռուսաստանը իր ռազմաքաղաքական ղեկավարության կեցվածքով ու սպառնալիքով, որ հարձակման դեպքում Ռուսաստանը միջուկային տակտիկական զենք կօգտագործի Թուրքիայի դեմ, սառը ցնցուղի ազդեցությամբ կանխարգելեց Թուրքիայի ագրեսիան։ Այդ պետությունից ինչպիսի՞ սպառնալիքներ պետք է լինեն մեզ համար։ Մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմական, ռազմատեխնիկական, սահմանների համատեղ պաշտպանության և պահպանության պայմանագրեր, ԵԱՏՄ անդամ ենք՝ տնտեսական համագործակցությամբ, ընդհանուր մաքսային միության անդամ ենք, էներգետիկ ոլորտում ենք սերտ համագործակցում և այս առումով Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, այլ ոչ թե թշնամին, որը Հայաստանը նվաճելու խնդիր է դրել։ Իսկ ո՞ր երկիրն է, որ ցանկանում է նվաճել Հայաստանը և այդ նպատակով արդեն քանիցս տաք պատերազմով հարձակվել է մեզ վրա։ Իհարկե Ադրբեջանը։ Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախի նվաճումն էր, այլ նաև ամբողջ Հայաստանի Հանրապետության հայաթափումը և այստեղ շինծու Արևմտյան Ադրբեջանի ստեղծումը։ Հետևաբար մեր դեմ տաք և սառը՝ տեղեկատվական ու տնտեսական պատերազմը մղում է Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ ու մասնակցությամբ։ Նրանք ունեն դաշնակիցներ, որոնցից մեկն էլ Եվրամիությունն է։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ԵՄ տվյալ խմբի այցելության և տեղակայման նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության իրականացման հնարավորությունների ստեղծումն է։ Այդ ծրագրի ներքին շահառուն էլ Փաշինյան Նիկոլն է՝ իր քաղաքական խմբակով։ ԵՄ-ն ևս շահագրգիռ է, որպեսզի ՀՀ-ն ամբողջովին ինտեգրվի թուրք-ադրբեջանական դաշինքին, այսինքն՝ թուրքական աշխարհին, և դա անում են անթաքույց՝ հայտարարություններ հնչեցնելով։ Հիմա ԵՄ-ն ինտենսիվ աշխատում է Հայաստանը ռուսական աշխարհից կտրելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ շուկաներից, էժան գազից, ատոմակայանից, ՀԷՑ-ից, երկաթուղու կոնցեսիոն կառավարումից, ռուս սահմանապահներից, ռուսական ռազմաբազայից․․․ Մեզ փորձելու են մտցնել թուրքական աշխարհի մեջ, և հունիսի յոթին մեր քաղաքացիները պետք է ընտրեն՝ իրենք թուրքական աշխարհի մաս են, թե քրիստոնյա Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, հոգևոր ոլորտներում դաշնակիցը։ Մենք թուրքական աշխարհի մեջ ապրել ենք հարյուրավոր տարիներ, բայց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության ղեկավարները և իրենց վերադաս Բրիտանիան որոշեցին, որ այդ տարածքում էթնիկ հայեր չպետք է ապրեն և 1913-25 թվականներին ցեղասպանեցին հայերին ու հայրենազրկեցին։ Հիմա մենք նույն վիճակում ենք, մեզ առաջին փուլում պարտադրում են ինտեգրվել թուրքական աշխարհին, երկրորդ փուլում՝ իսլամ դավանել և կորցնել ինքնությունը։ ԵՄ-ի այդ առաքելություն իրականացնողներին ես որակում են թշնամի, ինչպես և օրվա իշխանություններին, որովհետև նրանք սպասարկում են մեզ թշնամի պետության ազգային, պետական շահերը։  

- Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության փաստաթուղթում նշվում է, թե Եվրամիության կենսական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեսանելի ձերբազատումը ծայրահեղականացնող, օտար միջամտություններից։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում ԵՄ հիմնական հակառակորդը Ռուսաստանն է, որն ուժեղացրել է հարկադրական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ու Երևանի՝ ԵՄ-ի նկատմամբ աստիճանական վերակողմնորոշման ֆոնին շահագործում է Հայաստանի տնտեսական խորը կախվածությունն ու տարածաշրջանային անվտանգության փխրուն միջավայրը։ Ռուսաստանի կողմից Հայաստանը ապակայունացնող հնարավոր վտանգներ են համարվում գազի գնի բարձրացումը, որոշ ապրանքախմբերի առևտրի նվազումը, ապատեղեկատվական արշավներն ու հոգեբանական գործողությունները, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներն էլ պարեկություն են իրականացնում հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին, ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի գազի, երկաթուղային, հեռահաղորդակցության հիմնական ենթակառուցվածքները, ինչը հստակ ցուցիչ է, որ Մոսկվայի ազդեցությունը մնում է զգալի։ Ձեր կարծիքով` արդյո՞ք սա ՀՀ իշխանությունների համար գործողությունների քարտեզ չէ, թե ինչ հերթականությամբ նրանք պետք է լուծեն ռուսական ազդեցությունից ձերբազատվելու խնդիրը։  

- Փաստացի ասվում է, որ ԵՄ-ի խնդիրն է Ռուսաստանի տնտեսական, տեղեկատվական, քարոզչական, անվտանգային, հոգևոր, արժեհամակարգային ներկայությունը դուրս բերել Հայաստանից, այլ ոչ թե Հայաստանի մասին են մտահոգվում։ Այդ տողերում չի երևում, թե նշված հանգամանքները ինչո՞վ են վտանգավոր Հայաստանի  համար։ Վա՞տ է, որ Հայաստանն էժան գազ է ստանում, որ մեր սպառման էներգիայի 40 տոկոսն ապահովող ատոմակայնն անվտանգ գործում է, որ հայկական գյուղմթերքները սպառման ավելի լայն շուկա ունեն, որ թուրքական հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանված է ռուսական ռազմաբազայով։ Եթե Ռուսաստանը ցանկանար իր ազդեցությամբ ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչպես ԵՄ փաստաթղթում է նշված, ապա գազի գինը կթանկացներ, սպառման շուկան կփակեր հայկական արտադրանքի համար,  ատոմակայանի համար վառելիք չէր տա, չէր սպասարկի, երկաթուղու կառավարումից ինքը կհրաժարվեր։ Մեր բյուջեի որոշակի զգալի տոկոս ձևավորվում է Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտներից, թույլ չէր տա, որ Հայաստան գումարներ ուղարկվեն։ Ռուսաստանը գաղութարար Եվրոպա չէ, որ տարբեր երկրներ է ոչնչացնում, որ այդպես վարվի։ 

Եվրամիության իրական մտադրություններն ամենևին չեն բխում մեր շահերից և դրանք ոչ թե հայամետ են, այլ հակառուսական։ Նրանց չի հետաքրքրում՝ Հայաստանի համար լավ կլինի, թե վատ, նրանց հետարքրում է, որ Ռուսաստանի համար վատ լինի։ ԵՄ-ն Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին նախապատրաստում է Ռուսաստանի դեմ մեկ ճակատով պատերազմելուն։
Ադրբեջանն ամբողջութամբ հակառուսական է, Ադրբեջանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի ստանդարտներով են պատրաստված։ Նույնը Վրաստանում է։ Հիմա փորձում են նաև Հայաստանի զինուժն այդ ստանդարտներին համապատասխանեցնել։ Անհրաժեշտության դեպքում երեք հանրապետությունների զինված ուժերը կարող են պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այդպիսի փորձ արվել է 1918 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ այս տարածաշրջանում ստեղծվել էր Անդրկովկասյան սեյմ, որը պետք է միացյալ բանակ ունենար Բրիտանիայի հովանավորությամբ և դուրս գար բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Հիմա երկրորդ փորձն է արվում։ 

 

- Օրերս Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյան Նիկոլը հեռախոսազրույց է ունեցել և իր ներկայացմամբ՝ որոշել են առաջիկայում հանդիպել Մոսկվայում։ Արդյո՞ք վարչապետը գնալու է ԵՄ-ի պահանջներն իրականացնելու առաքելությամբ։

- Չեմ բացառում, որ ՀԷՑ-ի, Հարավկովկասյան երկաթուղու մասին են խոսել և հնարավոր է այդ թեման են զարգացնելու։ Չի բացառվում, որ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հրահրված հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությունն է քննարկվելու։ Ռուսաստանը հիմքեր պահանջի, ի վերջո Հայաստանի ռազմական դաշնակիցն է։ Սա իհարկե հեգնանք է։ Անգամ Փաշինյանի թիմակիցները նրա այդպիսի հայտարարություններին լուրջ չեն վերաբերում։ Դիցուք, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, անդրադառնալով վարչապետի պատերազմով սպառնալիքներին, ասել է, որ դա քաղաքական հայտարարություն է, քաղաքական դեմքերն իրավունք ունեն նման բաներ ասելու։ 

Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Send