Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեծ խաղի նոր կանոնները․ տարածաշրջանը կախված է Վաշինգտոնի հաջորդ քայլից

Blog Image

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է սրվել՝ աստիճանաբար անցնելով ավելի վտանգավոր փուլի։ Իրանը, չընդունելով ԱՄՆ-ի պահանջները, ակտիվացրել է ռազմական գործողությունները՝ հրթիռային հարվածներ հասցնելով Իսրայելի ուղղությամբ։ Թեհրանը հայտարարում է, որ իրականացվել է հարվածների հերթական ալիքը՝ ուղղված ոչ միայն Իսրայելի, այլ նաև տարածաշրջանում ամերիկյան դիրքերի դեմ։

Իրանական կողմը շեշտում է, որ չի պատրաստվում նահանջել իր դիրքորոշումից և չի ենթարկվելու արտաքին ճնշումներին՝ պնդելով, որ գործողությունները կշարունակվեն մինչև իր պահանջների լիարժեք իրականացումը։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը փորձում է զսպել հակամարտության խորացումը դիվանագիտական ճանապարհով։ ԱՄՆ-ը շրջանառության մեջ է դրել 15 կետից բաղկացած ծրագիր, որի նպատակն է պատերազմի դադարեցումը և տարածաշրջանում կայունության վերականգնումը։ Քննարկվում է նաև մեկամսյա հրադադարի տարբերակը, որի ընթացքում կողմերը կարող են անցնել բովանդակային բանակցությունների։ Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակահատվածում նախատեսվում է մշակել ավելի լայն համաձայնագիր, որը կներառի նաև Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումներ։

Սակայն փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Մինչ այժմ հստակ չէ, թե երբ Իրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Իրանական պաշտոնյաների հայտարարություններից երևում է, որ Թեհրանը պատրաստ կլինի քննարկումների միայն այն դեպքում, երբ դադարեցվեն իր դեմ ռազմական և քաղաքական ճնշումները։

MediaHub-ի հետ զրույցում իրանագետ Փույա Հոսսեինին ներկայացրել է իր գնահատականները՝ անդրադառնալով հատկապես ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հաճախ հակասական են և փոփոխական։

«Թրամփը սկզբում հայտարարել էր, թե Իրանին տալիս է 48 ժամ հարձակումներից հրաժարվելու համար, սակայն ժամկետի ավարտից հետո հայտարարել է ևս 5 օր ժամանակ տրամադրելու մասին՝ պահանջելով, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը։ Միաժամանակ նա խոսել է Իրանի՝ «անհայտ անձանց» հետ բանակցելու մասին, ինչը, ըստ իրանագետի, Թեհրանը հերքում է»,- ասաց իրանագետը։

Փույա Հոսսեինիի գնահատմամբ՝ չնայած որոշ հայտարարություններին, իրականությունը ցույց է տալիս, որ Իրանի ռազմական ներուժը ամբողջությամբ չի չեզոքացվել, և ԱՄՆ-ը չունի բավարար հիմքեր՝ հայտարարելու լիարժեք հաղթանակի մասին։ Նրա խոսքով՝ ստեղծվել էր տպավորություն, թե ԱՄՆ-ը դուրս է եկել խաղից և հակամարտությունը սահմանափակվում է Իրանի և Իսրայելի միջև, սակայն Վաշինգտոնը վերադառնում է գործընթաց՝  նոր մոտեցումներով։

«Թրամփը մշտապես փոխում է խաղի կանոնները։ Սկզբում խոսում էր Իրանի լիակատար կապիտուլյացիայի մասին, հետո՝ իշխանափոխության անհրաժեշտության։ Նա անընդհատ նոր նպատակներ է սահմանում, որոնց չի հասնում»,- հայտնեց  Հոսսեինին։

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ փորձագետը նշել է, որ Անկարայի կոշտ հայտարարությունները, այդ թվում՝ Էրդողանի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ելույթները, մեծ մասամբ ուղղված են արաբական երկրների տրամադրությունները հավասարակշռելուն.

«Թուրքիան մտավախություն ունի, որ Իրանի թուլացման դեպքում տարածաշրջանում առաջատար դեր կարող է ստանձնել Իսրայելը, իսկ հաջորդ թիրախը կարող է դառնալ հենց Թուրքիան։ Այդ պատճառով Անկարան շահագրգռված չէ Իրանի լիակատար թուլացմամբ, սակայն փորձում է սահմանափակել նրա ազդեցությունը»։

Իրանագետի եզրակացմամբ՝ հակամարտության հնարավոր հանգուցալուծումը մեծապես կախված է ԱՄՆ-ի հետագա քայլերից։

Ալիտա Եղիազարյան

Send