Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խաղաղություն՝ վախի միջոցով․ Ալիևի ուղերձը՝ Խոջալուից

Blog Image

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Խոջալուում մասնակցեց իրենց խոսքով «ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող» հուշահամալիրի բացմանը։ Իր ելույթում նա կրկին Հայաստանը անվանել է թշնամի, հայտարարել, որ «ադրբեջանական ժողովուրդը այսօր ապրում է խաղաղության մեջ, որովհետև թշնամին վախենում է», և ընդգծել, թե Ադրբեջանն այլևս այն երկիրը չէ, ինչ 1992-ին էր։ 

Այս հայտարարությունները հնչում են մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում պաշտոնապես հայտարարվում է խաղաղության օրակարգի մասին և միջազգային  հարթակներում խոսվում է փոխվստահության ձևավորման անհրաժեշտության մասին։ 

Ավելի վաղ Իլհամ Ալիևը դարձել էր հեղինակավոր «Zayed» մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է խաղաղության, հանդուրժողականության և ժողովուրդների միջև համերաշխության խթանման համար։ Սակայն այս համատեքստում շարունակվող «թշնամի» շեշտադրումը, «վախի միջոցով խաղաղության» գաղափարը  հակասում են հաշտեցման տրամաբանությանը։

Իլհամ Ալիևի ելույթի առանցքային միտքն այն էր, որ խաղաղությունը ապահովվում է ուժով և այն փաստով, որ «թշնամին վախենում է»։ Սակայն արդյո՞ք «վախը» կարող է  լինել երկարաժամկետ խաղաղության հիմք։ Ժամանակակից հակամարտությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռազմական հաղթանակը կարող է ապահովել ժամանակավոր կայունություն, բայց առանց քաղաքական հաշտեցման, պատմական ճշմարտությունների բաց քննարկման և փոխադարձ իրավական երաշխիքների ՝ հակամարտությունը մնում է սառեցված, ոչ թե լուծված։ Վախի մթնոլորտում ձևավորված «խաղաղությունը» իրականում լարվածության ընդմիջում է։ Խաղաղության մասին հայտարարությունները առավել խոցելի են դառնում, երբ զուգահեռաբար շարունակվում է գերիների հարցի քաղաքական և իրավական հակասական մեկնաբանությունը։ Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը դատապարտվել է երկարաժամկետ կամ ցմահ ազատազրկման։

Պաշտոնական Բաքուն նրանց ներկայացնում է որպես «դիվերսանտներ» կամ «ահաբեկիչներ», և որ նրանց ներելը անհնար է։ Մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ նրանք ռազմագերիներ  են, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Գերիների հարցը ցանկացած հետպատերազմյան գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է։ Այն ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական խնդիր է։ Եթե տարածաշրջանում իսկապես ձևավորվում է խաղաղության օրակարգ, ապա փոխվստահության առաջին քայլերից մեկը պետք է լինի հումանիտար խնդիրների ապաքաղաքականացումն ու մարդու իրավունքների առաջնայնությունը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել միայն հաղթանակի, ուժի և վախի գաղափարների վրա։

Այսօր Հարավային Կովկասը կանգնած  է ընտրության առաջ՝ կամ շարունակել անցյալի վերաիմաստավորումը միայն հակառակ կողմին մեղադրելու տրամաբանությամբ, կամ փորձել ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ պատմական հիշողությունը չի դառնում նոր թշնամանքի աղբյուր։ Տարածաշրջանի ապագան կախված  է նրանից, թե որ ճանապարհն է ընտրվելու։ Թեև Ալիևի նման հարձակողական հռետորաբանությունն ու Փաշինյանի հլու-հնազանդ կեցվածքը հստակ ցույց են տալիս՝ կայունություն կլինի, քանի դեռ կատարվում են Ադրբեջանի բոլոր պահանջները և հանդուրժվում է նման հռետորաբանությունը։

Ալիտա Եղիազարյան

Send