Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունը ցամաքային ճանապարհով մեկնել է Ադրբեջան՝ անցնելով սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Այցի շրջանակում պատվիրակության անդամները Գաբալայում հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման մանրամասների ու արդյունքների մասին MediaHub-ը զրուցել է Արման Վանեսքեհյանի հետ, ում կարծիքով այդ խումբը լիովին չի ներկայացնում Հայաստանի շահերը։
«Իմ կարծիքով՝ այդ խումբը, որ գնացել է, իրավունք չունի որպես մեր հանրության ներկայացուցիչ հանդես գալ, որովհետև միայն մեկ տեսակետի կողմնակիցների խումբ էր, մեկ դիրքորոշում ունեցող։ Մեր հասարակությունը տարբեր կարծիքներ ունի, տարբեր աշխարհաքաղաքական վեկտորների կողմնակիցներ կան, և չի կարելի թույլ տալ, որ միայն մեկ վեկտորի ներկայացուցիչները գնան հակառակորդ երկիր և նրա հետ շփվեն միայն այդ մեկ տեսակետից։ Այդ խումբը մեր երկրի դիրքորոշումը միջազգային հանրությանը ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, և ադրբեջանցիները դա ողջունում են, քանի որ դա իրենց ձեռնտու տարբերակ է»,- նշեց Վանեսքեհյանը։
Եթե ադրբեջանական պաշտոնական հռետորաբանության մեջ «թշնամի» բառի օգտագործումը նվազել է, դա դեռ չի նշանակում, որ բովանդակային փոփոխություն կա։ Դա ադրբեջանական քարոզչամեքենայի տարրերից մեկն է։ Մենք կարող ենք տեսնել, որ հակահայկական վերաբերմունքը շարունակում է գոյություն ունենալ թե՛ կրթական համակարգում, թե՛ տեղեկատվական դաշտում։
«Մենք առանձնապես սոցցանցերում չենք շփվում Ադրբեջանի հանրության ներկայացուցիչների հետ, բայց ցանկացած մարդ կարող է հեշտությամբ տեսնել, թե ինչ մակարդակի թշնամական վերաբերմունք կա։ Այսինքն՝ այդ առումով որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այս շփումները ոչ մի բանի չեն նպաստում, բացի որոշակի ուժերի շահերից ձևավորված գործընթաց լինելուց»,- ասաց վերլուծաբանը։
Այն հարցին, թե այս շփումները քաղաքացիական մակարդակում իրականում նպաստո՞ւմ են խաղաղությանը, թե՞ օգտագործվում են Ադրբեջանի կողմից որպես միջազգային PR գործիք, Վանեսքեհյանը պատասխանեց, որ սա պետք է դիտարկել այլ տեսանկյունից։
«Այստեղ պետք է հարցը դիտարկել նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Խոշոր խաղացողները՝ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, որոնք մեր տարածաշրջանում ունեն իրենց շահերը, այս պահին ավելի շատ զբաղված են իրենց խնդիրներով։ Այն գործընթացները, որոնք նախկինում փորձել են ղեկավարել կամ ուղղորդել, հիմա թողնված են ինքնահոսի։ Այս պայմաններում տարածաշրջանում ակտիվանում են այլ ուժեր։ Եվս մեկ անգամ նշեմ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան, իր սփական տեսանկյունից ելենելով, այլևս ինքնուրույն է գործելու ամբողջ այն տարածքում, որին իր ձեռքը հասնում է, և հիմա, որ խոշոր խաղացողներից ոչ մեկը չի զբաղվում մեզնով, ստացվում է, որ Թուրքիան է դառնում գլխավոր թելադրող և գործող դեմքը, ու մենք Թուրքիայի թելադրանքով շարժվելու ենք մինչև վերջ»,- ասաց վերլուծաբանը։
Այսպիսով, քաղաքացիական մակարդակում իրականացվող նման շփումները որքան էլ ներկայացվեն որպես երկխոսության հարթակ, տարբեր փորձագետների գնահատմամբ շարունակում են մնալ հակասական։
Ալիտա Եղիազարյան

Русский