Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչու՞ է արցախցիների անձրագրերում որպես ծննդավայր գրված Ադրբեջան․ ահազանգ

Blog Image

MediaHub-ը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ անցած տարվա նոյեմբերի վերջին արցախցիները դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։ Այս խնդրից բացի ևս մեկ հարց է «ջրի երես» դուրս եկել։

Մեզ դիմած արցախցիների մոտ հարց է ծագել, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն համայնքում ծնված նույն ընտանիքի անդամներից մեկի անձնագրում ծննդավայրը նշվում է Ադրբեջան, իսկ մյուսինը, օրինակ՝ Մարտունի։ 

MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանին, ով էլ նշեց՝ անձը հաստատող փաստաթղթերում որևէ տվյալի ամրագրումը կարգավորվում է միջազգային ստանդարտով, մենք միացած ենք դրան, և այդ ստանդարտի մեջ էլ կոնկրետ ծննդավայրի վերաբերյալ նշումն իրականացվում է միջազգային ստանդարտով՝ ICAO-ով։

Իսկ թե ի՞նչ է ICAO-ն, Դավթյանը մանրամասնեց՝ դա պետությունների թերթ է, որոնցից յուրաքանչյուրի վրա սեղմելիս բացվում են տվյալ պետության վարչատարածքային միավորները, որոնք նշվում են անձնագրի մեջ, այսինքն՝ անձնագրերում նշվում են այն տեղանունները, որոնք այդ շարքում կան։

«Մենք այդ լիստով ենք առաջնորդվում, և որպես ոլորտի լիազոր մարմին, Միգրացիայի և քաղաքացության ծառայությունը նոր տրամադրվող փաստաթղթերի պարագայում արդեն միջազգային ստանդարտով է առաջնորդվում։ Հակառակ դեպքում շատ տարբեր սահմանապահների կողմից խնդիր է առաջանում, երբ անձնագրում հայտնաբերվում է որևէ տեղանուն, որը էս լիստում չկա։ Այսինքն՝ իրականում էդ անձնագիրը համարվում է անձը հաստատող անվավեր փաստաթուղթ, եթե տվյալ լիստից դուրս տեղանուն է նշված՝ որպես ծննդավայր»,- հավելեց Դավթյանը։

Նելլի Դավթյանը հավաստիացրեց, որ գործընկերային ճանապարհով կարողանում են կարգավորել գործընթացը, բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ սահմանապահը տվյալ անձնագիրը կրող անձին ուղղակի ներս չի թողել իր պետություն, հետ է ուղարկել։

Մեր զրուցակիցն ասաց՝ անձնագրում նշված վարչատարածքային միավորի անունը մեխանիկորեն արտացոլվում է ծննդյան վկայականից դեպի անձնագիր, քանի որ կարգավորումները թույլ են տալիս, բայց մեր կարգավորումները, փաստորեն, ամբողջությամբ և ամբողջ ծավալով չեն ծածկում միջազգային ստանդարտը, դրա պատճառով էլ վերջին տարիներին ի հայտ են եկել խնդիրներ։

«Հիմա նոր կենսաչափական համակարգը, որ շուտով գործարկելու ենք, նոր իրավական շրջանակ կունենա, որը ամբողջությամբ և ամբողջ ծավալով կհամապատասխանի միջազգային ստանդարտին»,- եզրափակեց խոսքը միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send