ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների լուրջ պակաս կա, ինչը զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից ահազանգել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն այդ մտահոգությամբ էլ մշակել է օրինագիծ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այսօր ներկայացրել է ԱԺ։ Նրա հավաստմամբ՝ 2025 թվականին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականա երիտասարդների ընդամենը 35%-ը, իսկ մոտ 30%-ը խուսափել է բանակ զորակոչվելուց՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Իսկ դա անարդար և անհավասար պայմաններ է ստեղծում․ բանակից խուսափողները բավականին շատ են, ավելի շատ, քան ծառայողները, և այդ անարդարությունը շարունակվում է նաև հետո, երբ բանակում ծառայածները մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։
Հայկ Սարգսյանն առաջարկում է լրացում կատարել գործող օրենսդրության մեջ, որով ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք պետք է վճարեն 15 միլիոն դրամ չծառայելու դիմաց։ Պատգամավորն առաջարկում է նույն սկզբունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ և այդ գումարը բաշխել 10 զինվորների միջև։ Օրինագծով քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք է առաջարկում՝ վճարել նույն 15 միլիոն դրամը և ծառայել մեկ ամիս։ Այս դեպքում Հայկ Սարգսյանի համոզմամբ՝ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1,5 տարի ծառայողները կստանան 1,5-3 միլիոն դրամ։ Այս մեխանիզմը թույլ կտա Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավելի հետախուզվող տղաների, ամեն տարի ծառայության կանցնեն գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիներ, ծառայությունը կդառնա գրավիչ և եկամտաբեր, գումարները կհոսեն ոչ թե Հայաստանից դուրս, այլ կտրամադրվեն ծառայող զինվորներին։
Ճիշտ է՝ պատգամավորի ներկայացրած նախագիծը մերժվեց ձայների մեծամասնությամբ, 57 պատգամավոր դեմ քվեարկեց, սակայն ՔՊ պատգամավորն ասաց, որ չի ընկճվելու, առաջիկայում քննարկումները շարունակվելու են Կառավարության և ՊՆ-ի հետ, ապա վստահություն հայտնեց, որ մեխանիզմներ են ներդրվելու խնդիրը լուծելու համար։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ բանակում նման վիճակը սպասելի էր, որովհետև գործող իշխանությունը իր կառավարման տարիներին բավարար քայլեր չի իրականացրել բանակի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ․ «Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք գործող իշխանությունը իր կառավարման տարիներին իրականացրել է բավարար քայլեր բանակի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ։ Զինված ուժերը ցանկացած պետության համար ոչ միայն անվտանգության, այլ նաև հասարակական համախմբման կարևոր ինստիտուտ են։ Երբ երիտասարդները խուսափում են ծառայությունից, դա խոսում է ոչ միայն անձնական որոշման, այլ նաև համակարգի նկատմամբ վստահության պակասի մասին»։
Անդրադառնալով Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին՝ փորձագետն ասաց, որ գումար վճարելու միջոցով բանակից ազատվելն ինքնին սոցիալական անարդարության գործոն է և Հայկ Սարգսյանի նշած անարդարությունն այդ դեպքում ևս չի լուծվի․ «Առաջարկը՝ ֆինանսական մեխանիզմների միջոցով կարգավորել ծառայությունից խուսափելու հարցը, առաջին հայացքից կարող է թվալ որպես գործնական լուծում։ Սակայն «փողով բանակից ազատվելու» գաղափարը ինքնին պարունակում է սոցիալական անհավասարության խորացման ռիսկեր։ Այսպիսի մոտեցումը դժվար թե նպաստի բանակի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ խնդիրը պահանջում է ոչ միայն քաղաքական, այլ նաև մասնագիտական խորքային վերլուծություն։ Այստեղ մեծ դեր կարող են ունենալ փորձագիտական հանրույթը, ռազմական վերլուծաբանները և ոլորտի կոմպետենտ ներկայացուցիչները։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նախընտրում է նախաձեռնություններ առաջ քաշել ոչ թե լայն քննարկումների և կոնսենսուսի հիման վրա, այլ՝ ելնելով սեփական քաղաքական օրակարգից և իշխանությունը պահպանելու տրամաբանությունից»։
Վիտալի Մանգասարյանը հիշեցրեց, որ նույն պատգամավորն օրեր առաջ հայտարարում էր, թե զորակոչի վիճակն այնքան վատ է, որ «լացը գալիս է»։ Ըստ նրա՝ սա կամ հերթական «լկտի սուտն է», կա՛մ դառը ճշմարտությունը։ Հաշվի առնելով վերջին տարիների ընդհանուր միտումները, երբ գրեթե բոլոր ոլորտներում առկա է կառավարման ձախողում և «լացելու վիճակ»՝ առավել հավանական է, որ երկրորդ տարբերակը լինի և զորակոչի առումով իրոք վիճակն այդքան տխուր լինի:
Ամփոփելով խոսքը՝ փորձագետն ասաց, որ զորակոչի համակարգում առկա խնդիրները չեն կարող լուծվել միայն պատժիչ կամ ֆինանսական մեխանիզմներով։ Անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ հիմնված վստահության վերականգնման, արդարության ապահովման և արդյունավետ կառավարման վրա։ Հակառակ դեպքում նույնիսկ լավագույն մտադրություններով առաջարկված նախաձեռնությունները կարող են ոչ թե լուծել, այլ խորացնել առկա խնդիրները։
MediaHub-ը փորձեց նաև Պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ զինված ուժերում զորակոչի վերաբերյալ՝ իրո՞ք բանակում զինծառայողների սղության խնդիր կա, ինչի մասին այսօր բարձրաձայնել է Հայկ Սարգսյանը։ Բայց մեր զանգերն անպատասխան մնացին։
Թագուհի Ասլանյան

Русский