Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։ Այսուհետ քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։
Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։
Ապագա վարորդների կարծիքները որոշման վերաբերյալ տարբեր են: MediaHub-ի հետ զրույցում նրանց մի մասը ողջունում է նախաձեռնությունը՝ նշելով, որ այն կթեթևացնի իրենց ծանրաբեռնվածությունը, իսկ մյուսները մտավախություն ունեն, որ փոփոխությունը կարող է ավելորդ ձգձգումների և հավելյալ ծախսերի պատճառ դառնալ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, սակայն, վստահեցնում է՝ անհանգստանալու կարիք չկա։ «Փոփոխության առաջարկը կատարվել է հենց բազմաթիվ քաղաքացիների դիմումներով։ Շատերը նշել են, որ մեկ տարվա ընթացքում չեն հասցնում և´ պատրաստվել, և´ հանձնել գործնական քննությունը։ Եթե մեկ-երկու անգամ ձախողում են, պարզապես չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել գործընթացը»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոր կարգավորումները միտված են գործընթացն առավել արդար դարձնելուն։
«Քաղաքացիները որևէ մտահոգվելու առիթ չունեն։ Ավելին՝ քննական ավտոմոբիլներում տեղադրվել են տեսախցիկներ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ անարդար է կտրվել քննությունից, կարող է բողոքարկել որոշումը։ Ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում է թե՛ մեքենայի սրահում, թե´ առջևի և հետևի հատվածներում»,- ընդգծեց Սարգսյանը։
Այսպիսով, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ոչ միայն երկարացնել պատրաստվելու ժամանակահատվածը, այլ նաև բարձրացնելու քննությունների թափանցիկությունն ու վստահելիությունը՝ ապահովելով ավելի արդար պայմաններ բոլոր քաղաքացիների համար։
Ալիտա Եղիազարյան

Русский