Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սառնամանիք ու ձյուն․ ԱՄՆ-ը բախվում է ուժեղ ձնաբքի

Blog Image

ԱՄՆ–ի կեսը հայտնվել է ձմեռային կաթվածի մեջ։ Վերջին տարիների ամենամասշտաբային ձնաբքերն ու սաստիկ ցրտերը պատուհասել է երկիրը։ «Ֆերն» անունը կրող հզոր ձմեռային ցիկլոնը ռեկորդային քանակությամբ ձյուն է բերել՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ սառցապատ ավտոմայրուղիները դարձել  են իրական թակարդ՝ վարորդների համար։ Փոթորիկը խաթարել է նաև օդային և ցամաքային հաղորդակցությունը։

Առատ ձյան պատճառով չեղարկվել է հարյուրավոր չվերթներ, հազարավոր ուղևորներ մնացել են օդանավակայաններում։ Պաշտոնյաները հայտնում են, որ միայն Կանադայի Օնտարիո նահանգում սպասվում է 15–30 սանտիմետր ձյուն։ Տրանսպորտային համակարգը կաթվածահար է եղել, ավտոմեքենաները հայտնվել են ձյան հաստ շերտի տակ, փակվել են բազմաթիվ կրթական հաստատություններ, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկներ։

Սաստիկ ցուրտն ու ձնաբքերը արդեն խլել են առնվազն 85 մարդու կյանք, կան բազմաթիվ տուժածներ։ Փոթորիկի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Էներգետիկ ծառայությունները փորձում են վերականգնել հոսանքը, սակայն եղանակային ծայրահեղ պայմանները շարունակում են խոչընդոտել աշխատանքներին։

Միացյալ Նահանգների նախագահը երկրում մոլեգնող աննախադեպ ձնաբքերը բնութագրել է որպես պատմական։

Աղետի գոտում հայտնված նահանգների իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորինս մնալ տներում, սակայն հազարավոր մարդիկ հեղեղել են սուպերմարկետները՝ սննդամթերքի և խմելու ջրի պաշարներ ձեռք բերելու նպատակով։ Շատ խանութներում դարակները գրեթե դատարկվել են։Օդերևութաբանական կենտրոնները զգուշացնում են, որ ցուրտ եղանակը դեռ կպահպանվի։ Չի բացառվում, որ ձնաբքերը արևելյան ափից տեղափոխվեն Ատլանտյան օվկիանոս, սակայն դրանց կփոխարինի արկտիկական սառը օդը, որը կպահպանի սառնամանիքն ու մերկասառույցը։

Մասնագետների գնահատմամբ՝ նահանգները պատուհասած մասշտաբային ձնաբքերը երկրին պատճառել են ավելի քան 100 միլիարդ դոլարի ֆինանսական վնաս։ Մասնագետները կրկին հորդորում են քաղաքացիներին խուսափել անհարկի երթևեկությունից, պահպանել անվտանգության կանոնները։

Ալիտա Եղիազարյան

Թեգեր :
Send