MediaHub-ը երեկ ահազանգ էր ստացել, որ չիրականացված ձնամաքրման պատճառով Երևանում քաղաքացիները կտրվում են վարորդական իրավունքի քննությունից։ Մեզ դիմած քաղաքացին ահազանում է՝ այն հատվածները, որտեղ Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցները հրահանգում են կայանում կատարել, ձնածածկ հատվածում ոչինչ չէր երևում։ Դրան զուգահեռ մեկ այլ հանգամանք էլ կա` խանգարել են քաղաքացուն ճիշտ կայանում կատարել։
«Այդտեղ մի ռեստորան կա, բոլորը գիտեն, որ հրահանգում են այդտեղ կայանում կատարել։ Այսօր ինձ կտրեցին, ինչի՞ համար, քանի որ այդ հատվածը մաքրված չէր ձնից, ոչինչ չէր երևում, գծերը չէին երևում, և չկարողացա կայանում կատարել։ Այդ ռեստորանի մոտ վաղ առավոտյան նայել եմ, կայանատեղիի գծանշանները երևում էին, ըստ երևույթին մեկը մաքրել էր։ Իմ կայանելու ժամանակ ինչ տեսնեմ, մի քաղաքացի այդ ձյունը մաքրում և լցնում էր կոնկրետ գծերի վրա՝ կարծես դիտավորյալ «վատություն» անելու համար»,- նշեց MediaHub-ին ահազանգած քաղաքացին։
Քաղաքացին նշում է, որ կտրվել է քննությունից, քանի որ ձյան պատճառով գծանշումները չեն երևացել, իսկ որպես հիմնավորում նրան ասել են, որ գծերի մեջ չի կայանել քննական ավտոմեքենան։
MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ-ի հետ՝ հասկանալու, որ եթե կայանատեղիների գծանշումները չեն երևում, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է անի քաղաքացին, արդյո՞ք կարող է ասել հրահանգչին, որ չի կարողանում կայանում կատարել՝ գծերի՝ չմաքրված լինելու պատճառով, և կտրվելու դեպքում հնարավորություն ունի՞ բողոքարկելու։
«Ցանկացած պարագայում, եթե քաղաքացին համամիտ չի կայացված որոշման հետ, կարող է բողոքարկել, ինչպես գիտեք, քննական ավտոմեքենաների մեջ տեղադրվել են տեսախցիկներ»,- MediaHub-ի հետ զրույցում ասացին ՆԳՆ-ից։
Մարիաննա Արամյան
Կադրերն այստեղ

Русский