Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում պարգևատրվեցին ինչ-որ «Զայեդ» կոչվող մարդկության եղբայրության մրցանակով, երբ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Ադրբեջանին ու ադրբեջանցիներին, Բաքվի դատարանը, բնականաբար «հանուն խաղաղության դարաշրջանի», Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին՝ 20 տարվա ազատազրկման, քանի որ, ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի, նրանց 65 տարին լրացել է, հետևաբար ենթակա չեն ցմահ ազատազրկման։ Սակայն խոշոր հաշվով նրանք նույնպես դատապարտվել են զմահ ազատազրկման։
Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ունենար մարդկային տարրական արժանապատվություն ու ինքնասիրություն, քաղաքական կամք, պետության ղեկավարին վայել քաղաքական գիտակցություն, ապա անմիջապես կարձագանքեր այդ դատավճիռներին, ընդհուպ կկասեցներ Ադրբեջանի հետ բոլոր ներկայիս բանակցությունները, մինչև ազատ չարձակվեին Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներն ու պատանդները (թեպետ արժանապատվություն ունեցողը նախքան այդ չէր էլ սկսի, բանակցության միակ օրակարգն էլ մերոնց հայրենադարձությունը կլիներ)։ Սակայն մինչ այդ եթե պատճառաբանվում էր, որ խաղաղության շուրջ բանակցությունները կարող են նպաստել Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պատանդի կարգավիճակում պահվող մեր հայրենակիցների վերադարձին, ապա Բաքվի դատարանի որոշումը հակառակն է հուշում։
Ստացվում է, որ Ալիևը ինչ-որ երկու սիրիացի վարձու մարդասպաններին ավելի է կարևորում, քան Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Նիկոլ Փաշինյանի լռությունը կարող է ապացուցել մեկ բան, որ նա համաձայն է Բաքվի դատարանի վճիռների հետ ու մեր հայրենակիցները նրա համար նույնքան հանցագործ են, որքան Ալիևի համար։
Սակայն այստեղ կա քաղաքական մի շատ կարևոր հանգամանք, այն է, որ որևէ դատարանի վճիռ, հատկապես այնպիսի բռնապետական երկրներում, ինչպիսին Հայաստանն ու Ադրբեջանն են, չի կարող հիմք հանդիսանալ, որ դրանք անպայման ի կատար կածվեն։ Իհարկե, չպետք է հույսը կորցնել, որ մեր հայրենակիցները մոտ ապագայում կվերադառնան հայրենիք, սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ գործընթացների վրա չունի ոչ մի ազդեցություն։ Այդ ամենը կախված է բացառապես Ալիևի կամքից, որի հիմքում քաղաքական դրդապատճառներն են, նա կվերադարձնի մեր հայրենակիցներին միայն այն ժամանակ, երբ ինքը ուզի ու միայն այնպիսի նախապայմաններով, որոնք ինքը կթելադրի։ Իհարկե ,հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ապազգային բնույթը, ապա նա պատրաստ է զիջել Ալիևին այն ամենը, ինչ նա ցանկանում է, հետևաբար տարածքային պահանջներ ներկայացնելը գերիների դիմաց, այդքան էլ իրատեսական չէ, քանի որ առանց այդ էլ վերջինս ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է։
Հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, իսկ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելն իրենց համար ունի կենսական անհրաժեշտություն, ապա չի բացառվում, որ մեր հայրենակիցները վերադառնան ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա շահարկելու այդ հանգամանքը, այսինքն՝ Ալիևը Փաշինյանին կմատուցի հերթական նախընտրական նվերը։ Իհարկե, անկախ հանգամանքներից, բոլորս պետք է ուրախանանք մեր հայրենակիցների վերադարձով, շեշտում եմ, անկախ հանգամանքներից, սակայն հերթական անգամ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ազդեցություն չունի գործընթացների վրա ու ոչ մի կապ՝ «խաղաղության դարաշրջանի» հետ։
Իսկ առաջիկա օրերին սպասենք, որ թյուրիմացաբար ՀՀ նախագահ հանդիսացող Վահագն Խաչատուրյանը հերթական շնորհակալությունը կհայտնի Ալիևին։
Կարեն Կարապետյան

Русский