Երեկ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մասնակցում էին «Զայեդ» մարդկային եղբայրության` 2026 թվականի մրցանակաբաշխությանը՝ մի հարթակում, որը կոչված է խոսելու հաշտեցման, մարդասիրության, արժանապատվության և ժողովուրդների միջև վստահության մասին։ Այդ խորհրդանշական միջավայրում երկու ղեկավարները հայտարարեցին, որ տարածաշրջանում արդեն վեց ամիս է՝ «խաղաղություն է», և կողմերը թևակոխել են «նոր դարաշրջան»։
Սակայն հենց այդ բարձրարժեք բառերի ֆոնին այսօր բացվեց իրականության ամենակոշտ էջը։ Ադրբեջանական բանտում հայ ռազմագերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Այս պահին դեռևս հայտնի է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի դատապարտման մասին։ Մարդիկ, որոնք միջազգային իրավունքի տրամաբանությամբ պետք է գտնվեին պաշտպանության ներքո, վերածվեցին քաղաքական պատանդների՝ «եղբայրության» հարթակից ընդամենը մեկ օր անց։
Սա այլևս ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական խորը հակասություն է։ «Մարդկային եղբայրության» մասին խոսելն ու զուգահեռաբար իրականացնել պատժիչ դատավարություններ՝ նույն այդ հարթակից հնչած արժեքների բացահայտ ծաղրն է։ Եթե խաղաղությունն ու եղբայրությունը անկեղծ են, ապա դրանց առաջին չափանիշը պետք է լիներ ռազմագերիների ազատումը, ոչ թե ցմահ դատավճիռների հրապարակումը։
Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքվի պատկերացմամբ խաղաղությունը իրավական և մարդասիրական գործընթաց չէ, այլ պարտադրված ենթարկում։ Այն մի մոդել է, որտեղ հայկական կողմը պետք է ընդունի ոչ միայն տարածքային, այլև մարդկային կորուստների «նորմալացումը»՝ հանուն դիվանագիտական գեղեցիկ ձևակերպումների։
Սակայն ամենավտանգավոր հարցը կրկին Երևանի դիրքորոշումն է։ Երբ իշխանությունը մասնակցում է մարդկային եղբայրության մրցանակաբաշխության, խոսում նոր դարաշրջանի մասին, բայց չի ապահովում սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, այդ մասնակցությունը դառնում է ձևականություն։ Լռությունն այս պարագայում ոչ թե դիվանագիտություն է, այլ համակրանքի ցուցադրում ուժեղի օրակարգին։
Աբու Դաբիի բեմը և Բաքվի բանտերը մեկ պատմության երկու կողմն են։ Մի կողմում՝ եղբայրության մասին ճառեր, մյուսում՝ ցմահ դատավճիռներ։ Եվ որքան էլ փորձ արվի դա ներկայացնել որպես խաղաղության հաղթանակ, իրականում դա խաղաղության անվան տակ պարտության օրինականացման փորձ է։ Որովհետև իրական խաղաղությունը սկսվում է ոչ թե մրցանակաբաշխությունների լուսանկարներից, այլ բանտերի դռների բացումից։

Русский