Երեկ կայացած Ալեն Սիմոնյան–Սերգեյ Լավրով հանդիպումը փաստացի դարձավ իշխանության արտաքին քաղաքական ձախողումների հերթական արձանագրումը։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունների մեղմ բառապաշարին՝ հանդիպման իրական բովանդակությունը միանշանակ էր․ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի իշխանությունների հայտարարություններից և վարած քաղաքական գծից, իսկ Երևանը ստիպված է Մոսկվայում արդարանալ սեփական հռետորաբանության համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գտնվելով Մոսկվայում, փորձեց համոզել ռուսական կողմին, որ Հայաստանի իշխանությունները չեն վարում հակառուսական քաղաքականություն և չեն դիտարկում Ռուսաստանին որպես սպառնալիք։ Սա ինքնին խոսուն հանգամանք է։ Երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ստիպված է նման բացատրություններ տալ, նշանակում է՝ իշխանության ներսում հնչող հայտարարություններն ու գործողությունները լրջորեն խարխլել են վստահությունը ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։
Սիմոնյանը նաև ակնարկեց, որ Ռուսաստանից հնչող որոշ հայտարարություններ մտահոգում են հայ հասարակությանը։ Սակայն իրականում այս «մտահոգությունը» հենց իշխանությունների տարիներով վարած քաղաքական գծի հետևանք է, որի ընթացքում համակարգված կերպով թուլացվել են հայ-ռուսական հարաբերությունները, արժեզրկվել է ՀԱՊԿ-ը, իսկ պատասխանատվությունը փորձ է արվել դնել բացառապես արտաքին ուժերի վրա։
Սերգեյ Լավրովի արձագանքը փաստացի դիվանագիտական նկատողություն էր։ ՌԴ ԱԳ նախարարը խոսեց Հայաստանի կողմից հնչող «տարօրինակ հայտարարությունների» մասին՝ հստակ հասկացնելով, որ Մոսկվան այդ հայտարարությունները դիտարկում է ոչ թե որպես ներքաղաքական դիսկուրս, այլ որպես պետական քաղաքականության արտահայտություն։ Նրա շեշտադրումը, թե ԵՄ-ին ինտեգրումը անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ, ուղիղ ուղերձ էր իշխանություններին՝ այս «խաղը» երկար չի կարող շարունակվել։
Ավելի կարևոր է այն, որ Լավրովը հիշեցրեց՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց այդ ձևակերպումն արդեն հնչում էր ուղղակի՝ որպես պայմանական հիշեցում։ Սա ցույց է տալիս, որ Մոսկվայում այլևս չեն վստահում Երևանի հայտարարություններին և պահանջում են հստակություն, մինչդեռ իշխանությունները շարունակում են արտաքին քաղաքական երկիմաստությունն օգտագործել ներքաղաքական քարոզչության համար։
Սիմոնյան–Լավրով հանդիպումը բացահայտեց մեկ պարզ իրողություն․ Հայաստանի իշխանությունները կորցրել են արտաքին քաղաքական սուբյեկտայնությունը։ Նրանք մի կողմից ներսում կառուցում են հակառուսական տրամադրություններ, մյուս կողմից՝ Մոսկվայում փորձում են հերքել այդ նույն խոսքերը։ Արդյունքում՝ Հայաստանն արդեն սկսում է դիտարկվել որպես անվստահելի գործընկերը։
Այս հանդիպումը ոչ թե հարաբերությունների խորացման, այլ իշխանությունների քաղաքական փակուղու ցուցադրություն էր։ Մոսկվան հստակ հասկացրեց՝ հայտարարությունների ու գործողությունների միջև հակասությունները այլևս չեն ներվելու, իսկ դրանց գինը կարող է վճարել ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։
Նարե Գնունի

Русский