Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նստեցինք մեքենան ու չգիտեինք՝ հասնելո՞ւ ենք, թե՞ չէ․ արցախցին՝ 2 տարի անց չսպիացած ցավի մասին

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Երկու տարի է անցել այն օրից, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ամիսներ շարունակ շրջափակումով, սովով ու հոգեբանական ճնշմամբ պայմանավորված հյուծված Արցախը վերջին կռիվը տվեց թշնամու դեմ, որն եկել էր իրեն բնաջնջելու, տանջամահ անելու ու հայրենիքը խլելու: Հաշված օրեր․․․ ունեցանք հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ, 100 000 ավելի արցախցի լքեց իր տունն ու տեղը՝ հավերժ արժանանալով բռնի տեղահանվածի կարգավիճակին:

MediaHub-ի հետ զրույցում արցախցի 21-ամյա Զառան, ով Մարտունիից տեղափոխվել էր Ստեփանակերտ՝ ուսում ստանալու, հիշում է՝ երկու տարի առաջ այս օրը, երբ սկսվեց թշնամու նենգ հարձակումը, պատրաստվում էր գնալ համալսարան։                       

«Դեռ տանից դուրս չէի եկել՝ սկսվեց հարձակումը։ Քույրիկներս դասի էին, հենց սկսվեց միանգամից զանգեցի իրենց։ Մեկի հետ կապ հաստատել չեղավ այդ ժամանակ, մյուս քույրիկիս հետ էլ խոսեցի, ու գնացինք շենքերից մեկի նկուղ։ Մեր ծնողները մեր հետ չէին, ուզում էի գոնե իմ քույրերը իմ կողքը լինեին։ Մինչև երեկո մյուս քրոջիցս տեղեկություն չկար, բոլորը խառնվել էին իրար, երեխեքը գրկներին այս ու այն կողմ էին գնում։ Երեկոյան արդեն  կարողացա մի ձև քրոջս հետ խոսել, ու բոլորով հավաքվեցինք»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Վախի ու անորոշության մասին խոսելն անգամ անիմաստ է համարում՝ օդում ԱԹՍ-ներ, ամեն կողմից պայթյունի, կրակոցների ձայներ, ու կորուստների մասին անվերջ ստացվող տեղեկություններ։

«Նկուղներում էլ տեղ չկար, մարդիկ կային, ովքեր պառկել էին, քայլելու տեղ չկար անգամ։ Երեխեքի մասին էլ չխոսեմ, անգամ փոքրերն էին հասկանում, որ կռիվ ա, թե ինչ վիճակ ա»,- չբթացած ցավը վերապրելով պատմում է արցախցին։                                          
Երբ պետք է դուրս գային Արցախից, կրկին անորոշության են մատնված եղել՝ ծնողները Մարտունիում էին, իսկ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը փակ էր, ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում այդտեղ,  իսկ սպասելու ժամանակ ուղղակի չկար։                                                                                      
«Քանի որ ճանապարները փակ էր, էնտեղից դեպի Ստեփանակերտ, մենք քեռիիս հետ դուրս եկանք, նստեցինք մեքենան ու չգիտեինք՝ հասնելո՞ւ ենք, թե՞ չէ, որովհետև ամեն դեպքում ճանապարհին թշնամիներ էին։ Գալուց շատ-շատ էին մեքենաներ։ Մենք մի փոքր մեքենայի մեջ 7 հոգով էինք, հասանք զննման կետ ու բարեհաջող անցանք»։ 

Իսկ դրան արդեն հաջորդել է դեպի Գորիս անվերջ թվացող ճանապարհը, որտեղից էլ տեղափողվել են Երևան, ու փորձում են ապրել հավատով՝ մի օր հաստատ կվերադառնան Արցախ։

Էմմա Մարտիրոսյան

Send