«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր հայտնեց, որ Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։
Այսպիսով, այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին գրեթե հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Նորություն չէ, որ եղանակային փոփոխությունները՝ քամին, ամպրոպը, կարկուտը մշտապես Հայաստանի մարզերին մեծաթիվ վնասներ են պատճառում։ Նմանատիպ դեպքերի այս տարի արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել, որ գյուղացին զրկվել է իր բերքից, գույքից ուժեղ քամու, կարկուտի հետևանքով։ Շատ հաճախ սրա պատճառն է դառնում այն, որ մարզետարանները, համայնքապետարանները, ինչպես ցույց է տալիս փորձը, պատշաճ չեն պատրաստվում նման իրավիճակներին, իսկ որոշ մարզերում հակակարկտային կայաններն անարդյունավետ են լինում:
Հետաքրքիր էր՝ հիմա պատրա՞ստ են մարզերը. MediaHub-ը կապ հաստատեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք մարզը պատրաստ է անբարենպաստ եղանակային պայմաններին, որպեսզի բնակիչները վնասներ չկրեն:
Մովսիսյանը նշեց, որ հակակարկտային կայանները տարբեր կառույցների ենթակայության տակ են գտնվում։
«Կան հակակարկտային կայաններ, որոնք գտնվում են գյուղացիների մոտ, կան, որ համայնքային են, կան նաև նախարարության ենթակայության տակ գործող, բայց ես վստահ եմ՝ բոլոր կայանները պատրաստ կլինեն և անհրաժեշտության դեպքում կգործարկվեն»,- նշեց մարզպետը։
Այդ դեպքում ինչո՞ւ նախորդ փոթորիկի ժամանակ մարզը մեծ վնասներ կրեց, եթե բոլորն այդպես կազմ-պատրաստ են: Մովսիսյանը միայն նշեց, որ այդ վնասների մասով տուժած բնակիչները ԴԵՌ փոխհատուցումներ չեն ստացել, ու շտապեց վստահեցնել՝ գործընթացի մեջ է հարցը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Ապարանում պտտահողմ էր մոլեգնել, ինչի հետևանով էլ տանիքներ ու ավտոմեքենաներ էին վնասվել: Ապարանը հոսանքազրկված էր, անվտանգության նկատառումով դադարեցվել էր նաև գազամատակարարումը։ Բազմաթիվ ապարանցիներ գույքային վնաս էին կրել, որը մինչ այս պահը չի փոխհատուցվել:
Էմմա Մարտիրոսյան