Այսօր ՍԱՏՄ-ն հայատարարություն տարածեց, ըստ որի՝ Կոմիտասում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, 12 անձ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
MediaHub-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի 15-ին։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ հոսպիտալացված 8 քաղաքացիների առողջական վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ սննդի կենտրոնի արտադրական գործընթացներն իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Եվ ըստ նկարագրածի՝ պատկերն ուղղակի խայտառակ է:
Մասնավորապես՝ սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով, օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում, շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց, սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել, սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Էմմա Մարտիրոսյան