Կառավարության նիստին այսօր հայտարարվեց, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Երիտասարդական մետրոյի կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղի կառուցել։
«Մենք արդեն իսկ շրջանառում ենք Երևան քաղաքում այդ ճոպանուղու նախագծի մրցույթը, և ֆինանսների նախարարի հայացքն եմ տեսնում հիմա իմ ուղղությամբ, բայց մենք կփորձենք հիմնականում մեր միջոցներով էս մի ծրագիրն իրականացնել»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նայելով ֆիանսների նախարարին, որը, հավանաբար, սարսափահար նայում էր Ավինյանին, թե՝ «էդ ո՞ւմ միջոցներով եք ճոպանուղի կառուցում»։
Այն, որ Երևանում ուզում են ճոպանուղի կառուցել, դա, իհարկե, լավ է, բայց սա հերթական ֆանտաստիկայի ժանրից է թվում (ապացույցն էլ ֆիննախի հայացքն է)։
Յոթ տարում մի մետրոյի «Աջափնյակ» կայարան չկառուցած իշխանությունը ուզում է հիմա էլ ճոպանուղի կառուցել, որն արդեն նախագծի փուլում է։ Իսկ դա նշանակում է, որ մի երկու տարի նախագծի մրցույթ կհայտարարեն, հետո այդ մրցույթի հաղթող կգտնեն, հետո կառուցող ընկերության մրցույթ կհայտարարեն, մի երկու տարի էլ կձգվի գործընթացը, ու մինչև հաջորդ հազարամյակ էլ ճոպանուղու կառուցումը կտևի՝ ճիշտ այնպես, ինչպես Աջափնյակի կայարանի դեպքում է։
Այսինքն՝ ճոպանուղին էլ, մետրոյի «Աջափնյակ» կայարանի նման, տարիներով կձգվի ու կմնա սոսկ թղթի վրա երազանքի պես մի բան, որի համար անդադար նախագծեր են մշակում, մրցույթներ հայտարարում և այլն։ Մոսկվայում, օրինակ, ամեն տարի միջինը հինգ նոր կայարան են բացում, իսկ մեզանում հինգ տարի է՝ դեռ մի կայարանի նախագծի մրցույթ չեն ավարտել։ Կարճ ասած՝ երազելը վնասակար չէ։
Վահե Մակարյան