Վերջին ամիսներին հանրային դիսկուրսում կրկին սրվեց պետություն–եկեղեցի թեման․ քննարկումները հաճախ անցնում են լարված֊զգացմունքային դաշտում, իսկ այս ֆոնին հասարակությունն ակնկալում է հստակ պատասխան՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում, և ինչպե՞ս են քաղաքական քայլերը ազդում հոգևոր դաշտի վրա։
Լարվածության նոր փուլը սկսվեց այն ժամանակ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ եղած նախկին հոգևորականը հայտարարեց՝ մտադիր է Հովհաննավանքում «պատարագ» մատուցել։ Հայտարարությունը հանրային մեծ արձագանք ստացավ ոչ միայն իր բովանդակությամբ, այլ հատկապես այն պատճառով, որ դրան գրեթե անմիջապես հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունն ու մասնակցությունը այդ «պատարագին»։
Մայր Աթոռի որոշումների նկատմամբ նման վերաբերմունքը շատերի մոտ ընկալվեց որպես քաղաքական մեսիջ՝ ուղղված եկեղեցական հոգևոր դասին, ինչը խորացրեց քննարկումները պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին։
Հոկտեմբերի 26-ից հաջորդաբար վարչապետի մասնակցությունը տարբեր մարզերի եկեղեցիներում մատուցվող պատարագներին կարծես, թե դարձել է ավանդույթ, որի կրողները բարեբախտաբար քիչ թիվ են կազմում քանի որ հայ հասարակությունը ցանկանում է մասնակցել Մայր Աթոռում մատուցվող պատարագին։
Սրա վառ ապացույցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մարդաշատությունը։
Այս ընկալումը հատկապես ընդգծվում է այն փաստով, որ մեծ թվով հավատացյալներ շարունակում են նախապատվությունը տալ հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող պատարագներին, ինչի պատճառով իշխանության նախաձեռնությունները, ըստ դրանց քննադատների, աչքի ընկնելու անհրաժեշտություն ունեն։
Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, շատերի որակմամբ, հասցրել է «պղծել» Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ մասնակցելով նոյեմբերի 9-ին մատուցված պատարագին։ Դրան հաջորդեց նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում իր մասնակցությունը պատարագին, իսկ առաջիկայում՝ նոյեմբերի 23-ին, նախատեսում է մասնակցել Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագին, որը կմատուցի Տեր Երվանդ քահանա Բաբայանը։
Այս շարունակական այցելությունները պաշտոնական մակարդակով ներկայացվում են որպես հավատքի և եկեղեցու հանդեպ հարգանքի դրսևորումներ, սակայն հավատացյալները ընդգծում են՝ դրանք չեն կարող անտեսվել քաղաքական գործընթացների համատեքստից դուրս։
Էմմա Մարտիրոսյան
