Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ գրոհը ՔՊ-ականների հանդեպ կարող էր ընդամենը խղճահարություն առաջացնել, եթե մինչ այդ զզվանք առաջացրած չլիներ

Blog Image

«Շո'ւրա, գնացեք Կիև և հարցրեք` ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը»։ Իսկ ովքե՞ր էին ՔՊ-ականները մինչև 2018 թվականը, մեծամասամբ ոչ ոք, բառիս բուն իմաստով՝ ոչ ոք։ Կենցաղում համեստ, խոսքում զուսպ, շարժուձևերում ամոթխած, շրջապատում աչքի չընկնող, բակում անհայտ, կյանքում հաջողություն չգրանցած, իսկ շատերի հիմնական ձեռքբերումն էլ այն էր, որ հեռվից հրճվանքով նայեին Լևոն Տեր-Պետրոսյանին, ու երբ հայացքները համընկնեին, դա համարեին Աստծո նախախնամություն։ Սակայն այսօր այդ նույն երիտասարդները, պատսպարված Էրդողանի հովանու ներքո, ոհմակային միասնությամբ հարձակում են գործել Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Իհարկե, այդ վայրահաչոցը ոչ միայն չի վնասի, նույնիսկ չի էլ հասնի Առաջին Նախագահին, ու նրանց ընդամենը կարելի էր խղճալ, եթե նախօրոք զզվանք առաջացրած չլինեին։

Թերևս իմաստ չունի շատ ծավալվել ՔՊ-ականների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչեցրած առանձին վիրավորանքների շուրջ ու որպես խտացված պատկեր երևի արժե միայն մեջբերել ոմն ՔՊ-ական Արեն Մկրտչյանի գրառման վերջին նախադասությունը. «Լևո’ն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր…»։

Այս նախադասությունը ցույց է տալիս այդ «քաղաքական» թիմի թե’ տգիտությունը, թե’ անդաստիարակությունը, թե’ հոգեբանական բարդույթները։

Նախ՝ Հայաստանի հանրապետության նախագահին դիմում են բացառապես «նախագահով» ու դուք-ով։ Արեն Մկրտչյանը որպես նախկին սպորտային լրագրող, անունով ու դու-ով կարող էր դիմել օրինակ՝ հանգուցյալ Դիեգո Արմանդո Մարադոնային (անունով դիմելը սպորտում ընդունված է)։ Ենթադրենք՝ «Դիե’գո, դու արգենտինական ֆուտբոլը բերեցիր համաշխարհային աննախադեպ բարձրության ու փառք Աստծո, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ Փաշինյանը ոչնչացրեց Երրորդ Հանրապետությունը, ձեզ մոտ Լեոն ունակ եղավ բարձր պահել թողածդ ժառանգությունը»։ Բայց հիմա Արեն Մկրտչյանը թյուրիմացաբար հայտնվել է խորհրդարանում ու նախագահին անունով ու դու-ով դիմելը վկայում է միայն քաղաքական տգիտության մասին։

Երկրորդը՝ տարիքով իրենից գրեթե եռակի մեծ մարդուն նման դիմելաձևը խոսում է տարրական անդաստիարակության մասին։

Երրորդը հոգեբանական գործոնն է։ Լևոնով դիմելու պահին սույն երիտասարդն իրեն կարևորված է զգացել, իբր ինքը «լուրջ» անձնավորություն է, որը որոշում է պետության ու հասարակության ճակատագիրը, մուտք է գործել «մեծ» քաղաքականություն, ասել կուզե՝ պետական գործիչ է։ Դե ինչ, «պետական գործիչ» է, թող այդպես լինի, բայց հետաքրքիր է սեփական անձի մասին նման գերչափազանցված կարծիք ունեցողը կարո՞ղ է ՔՊ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմել ուղղակի Նիկոլով։ Ենթադրաբար ոչ, որովհետև նման մասշտաբի «պետական գործիչը» նույնիսկ գրավոր խոսքում է զգույշ, հակառակ դեպքում կգրեր. «Լևո’ն, դու ուր, Նիկոլն ուր»։ Բայց ոչինչ, այս տեսակը ցավոք Հայաստանում փոքրաթիվ չէ, ու նա անպայման Նիկոլին կդիմի Նիկոլով, երբ վերջինս ոչ միայն դառնա նախկին, այլև հայտնվի ճաղերի ետևում։

Բայց մի բանում թերևս արժե համաձայնել նրա հետ, իրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ուր, Նիկոլը`ուր։

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, Նիկոլը հետևողականորեն ոչնչացնում է պետականության հիմքերը։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Արցախը ազատագրվեց, Նիկոլն այն նվիրեց Ադրբեջանին։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Արցախյան պատերազմում Թուրքիան ոչ մի մասնակցություն չունեցավ, Նիկոլի ժամանակ՝ ղեկավարեց պատերազմը։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի շուրջ ստեղծվեց անվտանգային գոտի, Նիկոլն ադրբեջանական զինուժը մտցրեց Հայաստանի տարածք։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական տանդեմի համար անհաս երազանք էր, Նիկոլն այն դարձրեց իրականություն։ Լևոն Տեր-Պետրոսյանին մեծագույն հարգանքով էին վերաբերվում համաշխարհային առաջնորդները, ներառյալ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահները, Նիկոլի ամենալուրջ ձեռբքերումը միջանցքներում նկարվելն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքի հետ հաշվի էին նստում տարածաշրջանի երկրների ղեկավարները, ներառյալ Թուրքիան ու Ադրբեջանը, Նիկոլը հրապարակավ ենթարկվում է ծաղրի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները քաղաքական մտքի ու հայերենի ուղեցույց էին, Նիկոլի խոսքը՝ «դոմփելու» շուրջ պտտվող գռեհկաբանություն…անվերջ կարելի է շարունակել, բայց, անցյալի էջերը ելակետ ընդունելով, փորձենք մի կանխատեսում էլ անել ապագայի վերաբերյալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ արժանապատվորեն, իսկ Նիկոլին պարզապես դուրս կշպրտեն Կառավարության շենքից։

Իրոք, ճիշտ է Արեն Մկրտչյանը. «Լևոն Տեր-Պետրոսյանըն ուր,Նիկոլը՝ ուր»։

Կարեն Կարապետյան

Send