Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ավտոբուսի վարորդները տուգանվո՞ւմ են, եթե չեն վարում իրենց համար առանձնացված գծերով և խախտումներ են անում

Blog Image

Գրեթե ամեն օր Երևանում երթևեկության փոփոխություններ են կատարվում․ ավելացվում են հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր, ինչն առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքում նոր ու ավելի մեծ խցանումների պատճառ է դարձել։ Բացի առանձնացված գծերից կան նաև առանձնացված լուսացույցներ հանրային տրանսպորտի համար, օրինակ՝ Մաշտոցի պողոտայում։ 

Այս բոլոր փոփոխությունները, որոնք Երևանի քաղաքապետարանը այդքան սիրելի «բարեփոխումներ է» անվանում, հարուցել են վարորդների դժգոհությունը:

MediaHub-ը բազմաթիվ բողոքներ է ստացել, թե ավտոբուսի վարորդները շատ դեպքերում չեն վարում իրենց համար հատուկ առանձնացված գծերով, վարում են մյուս գծերով՝ բարդացնելով առանց այդ էլ խցանումներից ու փոփոխություններից նյարդային վիճակում գտնվող վարորդների կյանքը: 

Քաղաքացիներին հետաքրքիր է՝ արդյո՞ք ավտոբուսի վարորդներին տուգանում են, եթե իրենք չեն վարում իրենց համար առանձնացված գծերով և խախտումներ են անում, սակայն, իրենց համար նախատեսված գծում՝ ավտոբուսի գծում ոչ մի խոչընդոտ չկա։ 

MediaHub-ը հարցը հասցեագրեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին: «Ցանկացած խախտում իրականացնելու համար, ինչպես քաղաքացիական մեքենաների վարորդները, այնպես էլ հանրային տրանսպորտի վարորդներն ենթարկվում են վարչական պատասխանատվության»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնել էր․ 
«Ամենօրյա ռեժիմով մոտ 1300 վարորդի հրահանգավորվում է, հրահանգիչների միջոցով ծանուցվում են նոր ավտոբուսի գծերի մասով։ Այժմ նոր մեխանիզմ ենք ներդրել՝ գործնական և տեսական դասընթացներ են իրականացնում ոլորտի մասնագետները, շուտով պատրաստ կլինի դասասենյակը, որտեղ էլ ավելի հարմար կլինի անցկացնել այդ դասընթացները։ Ի՞նչ է տալու դա մեզ. տեսական դասընթացները՝ վարորդները, դասընթացներն անցնելուց հետո ամբողջությամբ կտիրապետեն ճանապարհային երթևեկության նշաններին, քանի որ ինչքան էլ մարդ ունի վարորդական վկայական, բայց 10-ից գոնե 6–ը, մեր հասարակության մեջ, կաղում են նշաններից, իսկ առանձնացված գոտիով երթևեկելու համար պետք է առաջնային նշանները ճանաչել»։

Ինչ վերաբերում է գործնական դասերին, Ասատրյանը նշել էր, որ  դրանք կատարվում են ամենօրյա ռեժիմով, հատուկ հրահանգիչ կա, ինչպես նաև, անվտանգ երթևեկության ծառայության պետը, նույնպես, անձամբ մասնակցում է դասընթացներին։

Մարիաննա Արամյան

Send