Արխիվային լուսանկար
Երևանում երթևեկության մի շարք փոփոխություններ են կատարվել․ ավելացվել են հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր, ինչն առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքում նոր ու ավելի մեծ խցանումների պատճառ է դարձել։ Բացի առանձնացված գծերից կան նաև առանձնացված լուսացույցներ հանրային տրանսպորտի համար։
Այս բոլոր փոփոխությունները, որոնք Երևանի քաղաքապետարանը այդքան սիրելի «բարեփոխումներ է» անվանում, հարուցել են վարորդների դժգոհությունը:
MediaHub-ը բազմաթիվ բողոքներ է ստացել, թե ավտոբուսի վարորդները շատ դեպքերում չեն վարում իրենց համար հատուկ առանձնացված գծերով, վարում են մյուս գծերով՝ բարդացնելով առանց այդ էլ խցանումներից ու փոփոխություններից նյարդային վիճակում գտնվող վարորդների կյանքը:
«Ավտոբուսի գծերի մասին լսե՞լ են ավտոբուսի վարորդները։ Հատուկ գծեր են առանձնացրել, բայց ավտոբուսի վարորդները որոշում են մանևրել և փոխանակ իրենց համար լավ, հարմար գծում երթևեկեն, առանց խցանումների, կտրում և մտնում են այն գիծ, որտեղ հասարակ մեքենաներն են։ Վերջերս այդպիսի դեպքեր հաճախակի են տեղի ունենում, օրինակ՝ Մաշտոցի պողոտայում, և մեկ բան եմ նկատում, որ ավտոբուսի վարորդները դա անում են, որ ավտոբուսներից առաջացած խցանումներից խուսափեն»,– նշեց մեզ ահազանգած քաղքացիներից մեկը։
Քաղաքացիներին հետաքրքիր է՝ արդյոք ավտոբուսի վարորդների հետ աշխատանքներ տարվում են, նրանց իրազեկում են, թե ինչպե՞ս ճիշտ ավտոբուս վարեն։
MediaHub-ը հարցը հասցեագրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանին:
«Ամենօրյա ռեժիմով մոտ 1300 վարորդի հրահանգավորվում է, հրահանգիչների միջոցով ծանուցվում են նոր ավտոբուսի գծերի մասով։ Այժմ նոր մեխանիզմ ենք ներդրել՝ գործնական և տեսական դասընթացներ են իրականացնում ոլորտի մասնագետները, շուտով պատրաստ կլինի դասասենյակը, որտեղ էլ ավելի հարմար կլինի անցկացնել այդ դասընթացները։ Ի՞նչ է տալու դա մեզ. տեսական դասընթացները՝ վարորդները, դասընթացներնանցնելուց հետո ամբողջությամբ կտիրապետեն ճանապարհային երթևեկության նշաններին, քանի որ ինչքան էլ մարդ ունի վարորդական վկայական, բայց 10-ից գոնե 6–ը, մեր հասարակության մեջ, կաղում են նշաններից, իսկ առանձնացված գոտիով երթևեկելու համար պետք է առաջնային նշանները ճանաչել»,– ասաց Ասատրյանը։
Մեր հարցին՝ այսինքն, կարող ենք ենթադրել, որ հանրային տրանսպորտ վարող վարորդներ կան, ովքեր չեն տիրապետում ճանապարհային երթևեկության նշաններին, Ասատրյանը պատասխանեց՝ ոչ: «Բոլոր փորձառու վարորդները, շատ անգամ, նշանները ճանաչելու լուրջ խնդիր ունեն։ Դա չի նշանակում, որ նշանները ընդհանրապես չեն ճանաչում, բայց տեսական դասընթացների փուլը պետք է անցնեն»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է գործնական դասերին, Ասատրյանը նշեց, որ դրանք կատարվում են ամենօրյա ռեժիմով, հատուկ հրահանգիչ կա, ինչպես նաև, անվտանգ երթևեկության ծառայության պետը, նույնպես, անձամբ մասնակցում է դասընթացներին։
«Շարունակական գործընթաց է, որոշակի ժամանակ հետո ավելի լավ պատկեր կլինի։ Սակայն, այս խնդիրը բոլոր վարորդների մոտ կա, ոչ միայն հանրային տրանսպորտի վարորդների մոտ, դրա համար, ըստ իս, շարունակական, բարդ, բայց լուծելի գործընթաց է։ Հանրային տրանսպորտի վարորդների քանակը քիչ չի, միգուցե ինչ–որ տեղ խախտում թույլ տվող վարորդներ էլ կան, բայց դասընթացները կկրեն շարունակական բնույթ»,– ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղարը։
Մինչ պատասխանատու կառույցը խոսում է ավտոբուսի վարորդներին դասընթացներով ավելի լավը դարձնելու մասին, շարքային քաղաքացիները, որոնց այդ նույն ավտոբուսի վարորդները նյարդայնացնում են իրենց «մանևրներով», հույս ունեն, որ հանրային տրանսպորտի կարգազանց վարորդների համար էլ տուգանքներ կգործեն խախտումների համար:
Մարիաննա Արամյան