Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԱԱԾ տնօրենը ո՛չ նորը, ո՛չ հինը չի խոսել մեզ հետ, մենք սպասում ենք․ գերիի հարազատ

Blog Image

Այսօր մամուլում գրվեց, որ ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Ըստ մամուլի, այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ»,- գրեց մամուլը:

MediaHub-ը, հասկանալով խնդրի լրջությունը, անոնիմ զրուցել է գերեվարվածների հարազատների հետ։ Նշենք, որ բոլոր հարազատները, ում հետ զրուցել ենք, կարդացել են ցուցակի մասին մամուլում։ «ԱԱԾ տնօրենը՝ ո՛չ նորը, ո՛չ հինը չի խոսել մեզ հետ, Աբազյանի հետ հանդիպում չեմ ունեցել։ Միայն Կարմիր խաչն է ինձ հետ կապ հաստատել, ուրիշ ոչ մեկ։ Բայց դե, Կարմիր խաչ այլևս չկա Ադրբեջանում, զանգերը լինում են չորեքշաբթի օրերին, մեր հարազատների կողքից զանգում են ու տալիս են մեզ»,– նշեց ռազմագերիի հարազատը։

Հրապարակված ցուցակի 10 անուններից մեկը իր հարազատի անունն է, հետաքրքրվեցինք՝ վաղը՝ չորեքշաբթի, երբ այդ զանգը ստանա, արդյո՞ք նա կասի, որ նման ցուցակ կա, ու դրանում իր անունն է տեսել: MediaHub-ի զրուցակիցը նշեց՝ չի ասի։

«Չէ՜, մինչև հստակ չլինի չեմ ասի, ինքն այնտեղ սպասում է անհամբեր, չեմ կարող ասել, չգիտեմ՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի, սխալ ինֆորմացիա չտամ, իրեն չվնասեմ, բացի այդ ինքն էլ ուրախանա․․․ թող բոլորը տուն վերադառնան, հա, իմ հարազատն ա, շատ–շատ եմ ուզում գա տուն, բայց թող բոլորն էլ գան, բոլորն էլ գան իրենց ընտանիքների մոտ: Մեր ցավը ոչ մեկ չի հասկանում․․․ բոլորի մայրերը, կանայք, հարազատները սպասում են, սպասում ենք անհամբեր»,– նշեց նա:

Նրա խոսքով,  չէր կարդացել հոդվածը, իր բարեկամները, ընկերները ու հարազատները, ովքեր տեսել են, առավոտվանից զանգում են ու ասում, որ անունը տեսել են։ 

«Իմ հարազատը սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո է հայտնվել գերության մեջ, չգիտեմ՝ ե՞րբ ու ո՞նց է եղել, մանրամասները չգիտեմ, բայց ավելի ուշ այդ դեպքերից հետո ինձ զանգել էին Բաքվից, ասում էին՝ հայերեն բառ չասես, հարազատդ մեզ մոտ ա, գերի է։ Շատ եմ սպասում իրեն, ամբողջ ընտանիքը սպասում է... ոչ մեկ չի հասկանա մեզ, մենք մնացել ենք առանց ոչնչի, առանց հայրենիքի, առանց տուն ու տեղի, բայց ամենը ոչինչ, մենակ թե ինքը հետ վերադառնա․․․»,– լացը մի կերպ զսպելով հավելեց մեր զրուցակիցը։

Send