Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թորոսյան Արսենի բերած խոսնակը ակնհայտ նիկոլական է և իր էջում զբաղված է ՔՊ-ի քարոզչությամբ

Blog Image

Արսեն Թորոսյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո նախարարության երկարամյա մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Ենթադրաբար՝ չի ցանկացել աշխատել Թորոսյան Արսենի պես մարդու հետ։ 

Օրեր անց Զառայի փոխարեն մամուլի խոսնակ նշանակվեց ոմն Նվեր Կոստանյան։ Ինչո՞ւ ենք ասում՝ ոմն, որովհետև նրան դաշտում ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չէր ճանաչում, երբևէ որևէ տեղ լրագրությամբ չի զբաղվել, կամ առնվազն մենք չենք տեսել նրան լրագրողական գործունեությամբ զբաղվելիս, մամուլի խոսնակների ասպարեզում ևս որևէ տեղ չենք հանդիպել։ Մինչդեռ, դաշտում եղած գրեթե բոլոր մամուլի խոսնակները նախկինում լրագրող աշխատած կամ առնվազն մամուլի, լրատվադաշտի հետ կապ ունեցող, տարբեր տեղեր մամուլի պատասխանատու աշխատած դեմքեր են։

Իսկ ո՞վ է Նվեր Կոստանյանը և ինչո՞վ գրավեց մեր ուշադրությունը, որ որոշեցինք անդրադառնալ նրան։ Պարզվում է՝ Արսեն Թորոսյանի բերած այս տղան շարքային նիկոլական է, ՔՊ անդամ, և իր ֆեյսբուքյան էջում զբաղված է ՔՊ-ի քարոզչությամբ ու անձամբ Նիկոլ Փաշինյանի մտքերի տարածմամբ։ Սա քիչ է՝ նա նաև Փաշինյանի հակառակորդների դեմ հակաքարոզչություն է տարածում իր ֆեյսբուքյան էջում։ Քիչ առաջ մեր աչքով ընկավ նրա էջը, որտեղ նկատեցինք, որ կիսվել է Նիկոլ Փաշինյանի առավոտյան գրառմամբ, որտեղ քննադատում է Հայաստանի նախկին նախագահներին։ Բայց միայն Փաշինյանի մտքերով կիսվելով չի բավարարվել Նվերը, իր հեղինակավոր կարծիքն էլ է գրել․ «Պարզ հարց, որին տխրահռչակ եռյակը որևէ պատասխան չունի ու չի կարող ունենալ»։

Այս փոստը, ի դեպ, հավանել է ընդամենը մեկ հոգի՝ Անժելա Մաթոսյան անունով մեկ այլ նիկոլական։ Այսինքն՝ անգամ իր թիմակիցների կամ իր գործընկեր մամուլի խոսնակների կողմից հավանության չի արժանացել նորաթուխ խոսնակի նիկոլական պահվածքը։

Սա, իրականում, չափազանց զազրելի և դատապարտելի երևույթ է, քանզի նախ մամուլի խոսնակները, սովորաբար, կուսակցական պատկանելություն չեն ունենում և, նույնիսկ եթե համակրում են այս կամ այն քաղաքական ուժին, որպես խոսնակ՝ հանրային հարթակում, այդ թվում՝ իրենց ֆեյսբուքյան էջերում կուսակցական քարոզչությամբ չեն զբաղվում, որևէ քաղաքական գնահատական չեն հնչեցնում այս կամ այն գործչի կամ երևույթի վերաբերյալ, քաղաքականապես չեզոք են պահում իրենց։ Նույն Զառա Մանուչարյանի էջում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքին, ներկայացրած ծրագրերին վերաբերող չեզոք հրապարակումներից զատ այլ բան, այն էլ՝ քաղաքական ենթատեքստ պարունակող որևէ բովանդակություն չենք տեսել։ Էլ չենք ասում, որ Զառան կուսակցական կամ թեկուզ հայացքներով նիկոլական չի էլ եղել (փառք Աստծո), և երբևէ աչքի չի ընկել որևէ մեկի դեմ կամ կողմ դիրքորոշմամբ, փոխարենը հնարավորության չափով միշտ հասանելի է եղել նախարարության շահառուներին՝ թոշակառուներ, խնամքի կարիք ունեցողներ, բռնի տեղահանվածներ և այլն։ Նրա կողմից քաղաքական ենթատեքստ պարունակող միակ բանը, թերևս, այն էր, որ հրապարակումներում Արցախից բռնի տեղահանվածներին անվանում էր ԼՂ-ից բռնի տեղահանված՝ այդպիսով նպաստելով ՔՊ-ական կամ նիկոլական քարոզչությանը (երևի այդպես են պարտադրել վերևից, նա էլ չի կարողացել դեմ գնալ)։ Իսկ այս տղան բացահայտ նիկոլական պրոպագանդայով է զբաղված։

Նույնը կարող ենք ասել մյուս գերատեսչությունների խոսնակների մասին՝ ֆիննախի խոսնակ Ինգա Գալուստյան, որը թիթիզ-միթիզ աղջիկ է և իր սոցիալական էջերում ավելի շատ բլոգերությամբ է զբաղված ու չի խառնվում քաղաքական թեմաների մեջ, արդարադատության նախարարի խոսնակ Մարիամ Մելքոնյան, որը էլի իրեն չեզոք է պահում, էկոնոմիկայի նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյան, որը թեև մինչ կարճ ժամանակով ԱՄՆ մեկնելը շատ էր գովազդում իր պրոբլեմատիկ նախարարին՝ Գևորգ Պապոյանին, բայց կուսակցական չէր ու ՔՊ-ի քարոզչությամբ չէր զբաղվում, կամ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյան, որը նույնպես, թեև հիացած է իր ՔՊ-ական նախարարով՝ Անահիտ Ավանեսյանով, և դա զգացվում է հենց իր ֆեյսբուքյան էջից, բայց նա էլ ՔՊ-ական չէ, ավելին՝ ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիր է, բայց ո՛չ իշխանական քարոզչություն է իրականացնում հանրային տիրույթում, ո՛չ էլ՝ լևոնական։ Նույնը կարելի է ասել նաև ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանի մասին, որը ևս իրեն մաքսիմալ չեզոք է պահում՝ իր էջում տեղադրելով բացառապես նախարարության գործունեությանն առնչվող տեղեկատվություն, կամ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանի մասին, շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Անի Հակոբյանի մասին, անգամ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի մասին, որը թեև շատ ակտիվ է իր էջում՝ հիմնականում անձնական բնույթի հումորային գրառումներով, ակնհայտ որևէ քարոզչություն կամ հակաքարոզ որևէ մեկի նկատմամբ չի իրականացնում։ Այսպես կարելի է թվարկել բոլոր կամ գրեթե բոլոր խոսնակների անունները։

Եւ նրանց ֆոնին միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ խոսնակն է որոշել առանձնանալ մյուսներից՝ իրեն դրսևորելով որպես սրսուռ նիկոլական անգամ չեզոքություն պահանջող իր կարգավիճակում։ Թեպետ՝ Թորոսյան Արսենի բերած խոսնակից այլ բան դժվար էր սպասել։ Հուսանք՝ ինչ-որ մեկը Նվերին կհուշի, որ փաշինյանական պրոպագանդայով զբաղվելու փոխարեն նա, որպես մամուլի խոսնակ, պետք է նախևառաջ ու բացառապես իր աշխատանքով զբաղվի՝ առնվազն աշխատանքի ժամին և իր ֆեյսբուքյան էջում, հակառակ պարագայում՝ հաջորդիվ մեզ կարող ենք թույլ տալ զանգահարել իրեն ու քաղաքական բնույթի հարցեր տալ կամ առնվազն մեկնաբանություն ուզել իր կատարած քաղաքական գրառումների համար։

Վահե Մակարյան

Send