Հոկտեմբերի 2-ին վերջին պատերազմների մի խումբ մասնակիցներ, ովքեր պարգևատրվել են որևէ շքանշանով մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու։
Պատերազմների մասնակիցները Կառավարությանն են հետ հանձնելու բոլոր ստացած շքանշանները, մեդալները: MediaHub-ի հետ զրույցում պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը նշեց, որ այս կերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում իշխանության առաջ։
«2022 թվականի սեպտեմբերի 13-ի դեպքերի օրը չհիշելը, այդ օրը միջոցառումներով պղծելը, 2023 թվականին՝ Արցախի հայաթափումը չհիշելը մեզ ինքնությունից զրկում է: Դրան գումարած էլ Փաշինյանը Չորրորդ հանրապետություն հռչակելու մեջ իրական Հայաստանի մասին ա խոսում, բայց նույն իրական Հայաստանի տարածքում են 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայ կնոջը ադրբեջանցիները խեղել, 18-ամյա զինվորներին այդ տարածքում են գնդակահարել։ Մեր ինքնությունը մենք պահեցինք Արցախյան ազատագրական շարժման պայքարի հիման վրա, բայց այսօր ասում ա՝ մոլորություն ա եղել, հայրենասիրությունից դրդված սխալ ուղղությամբ ենք գնացել, մենք տենց չենք կարծում»,- նշեց Պետրոսյանը։
Այս կերպ նրանք փորձում են իրենց անհամաձայնությունը հայտնել՝ հույս ունենալով, որ հայ ժողովրդի ոգին կրկին կարթնանա։
«Մենք այս ամեն ինչը վերադարձնում ենք իրեն, ասելով՝ քաղաքական պայքարի քո տարբերակը սխալ է, ու մենք հասնելու ենք նրան, որ հայն իր երկրում, իր հողի վրա արժևորված ապրի»,- հավելեց պատերազմի մասնակիցը։
Իսկ հարցին՝ ինչո՞ւ հիմա որոշեցին դա անել, հետևյալ պատասխանը հնչեց՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, իր գագաթնակետը, որի ժամանակն արդեն հասել է։
Էմմա Մարտիրոսյան