Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հարևանը հարևանին ցավակցում է․ ի՞նչ վիճակ է Մերձավանում, ի՞նչ են ասում մերձավանցիները

Blog Image

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի տան դիմաց սպանվեցին Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, նրանց երրորդ ընկերը՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց, և հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ 

MediaHub-ն այսօր ուղիղ հեռարձակմամբ աշխատում էր դեպքի վայրում․ ամբողջ համայնքը սգում է, մարդիկ շոկի մեջ են, որ Վալոդյա Գրիգորյանը նման դաժանությամբ սպանվել է։ 

MediaHub-ի հետ զրույցում մերձավանցիները նշում էին, որ Գրիգորյանն այնքան լավ մարդ է եղել, այնքան լավ համայնքապետ, որ այսօր հարևանը հարևանին ցավակցում է, ամբողջ համայնքը ցավի մեջ է, քանի որ կորուստը բոլորինն է: Գրեթե բոլորը միաբերան նշում էին՝ այսպիսի համայնքապետ չի եղել:

Մեր զրուցակիցները նշում էին, որ վերջին շրջանում թշնամական մթնոլորտ էր ձևավորվել Ախտոյանների և Գրիգորյանների ընտանիքների միջև, որը վերջին ամիսներին է սրվել, նախկինում նման բան չի եղել: 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում կրակոցներ էին հնչել, սպանվել էր այդ ժամանակ Փարաքարը ղեկավարող Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան՝ Գրիգոր Օհանյանը։ Սակայն, մամուլում գրեթե չգրվեց, որ սրան նախորդել էր հարձակումը Վալոդյա Գրիգորյանի տան վրա, և դրան էր հաջորդել այս սպանությունը։ Ի դեպ, Ախտոյանի հորաքրոջ տղայի սպանության դեպքով մեղադրյալի աթոռին հայտնվեցին նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը և նրա մտերիմ շրջապատի անդամները:

Մերձավանցիները մեզ հետ զրույցում նշում էին, որ թշնամանքը խոր արմատներ չունի, անգամ ընտանիքների ավագները նորմալ հարաբերություններ են ունեցել, այս տարիներին է սրվել թշնամանքը՝ Գրիգորյանների «չՔՊ–ական» լինելու պատճառով։

Գրիգորյանների և Ախտոյանների տները միմյանցից մի քանի հարյուր մետրի հեռավորության վրա են գտնվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ախտոյանների տունը դիմակավորված անձանց կողմից հսկողության տակ է վերցված. մերձավանցիները ևս չեն բացառում վենդետայի վարկածը:  

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ՝ մարտի 30-ին Գրիգորյանը որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Փարաքարում ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։ Սա, թերևս, նրան չներվեց...

Send