Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բողկ ուտելը ուտում են, բայց պատասխան չեն տալիս

Blog Image

Սեպտեմբերի 17-ին Վատիկանում Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Սա նրանց առաջին հանդիպումն էր, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քրիստոնյա աշխարհի համար։ 
Հանրային հեռուստաընկերությունը այցը չէր լուսաբանել:

Եթե վերանանք այն իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մի քանի ամիս է, իսկ իրականում՝ մի քանի տարի է, ինչ կատաղի պայքար են մղում կաթողիկոսի դեմ և ամեն գնով փորձում հասնել նրա հեռացմանը, գուցե հենց Արցախի ու արցախահայության հիշատակումները այդ հանդիպումների ժամանակ առիթ են հանդիսացել, որ իշխանական ԶԼՄ-ները ուղղակի անտեսեն այս կարևորագույն այցը: Բայց դրանց շարքում կա նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը, հիշեցնենք, ոչ թե ՔՊ-ական այս կամ այն օլիգարխի կամ չինովնիկի գրպանից է ֆինանսավորվում, ով էլ թելադրում է եղանակը, այլ հարկատուներիս հաշվին է գործում, հետևապես ինչո՞ւ ՀԸ-ի լուրերում մենք՝ հարկատուներս, չպետք է նման կարևորության իրադարձության մասին տեղեկատվություն ստանայինք:  

Բնականաբար, բոլորս դրա պատասխանն ունենք՝ որովհետև այդպես Նիկոլ Փաշինյա՛նն է ուզում, որն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Գարեգին Բ-ին հեռացնելու գործընթացն ավարտին հասցնելուն: Ու այն նույն ժամին, երբ կաթողիկոսը Վատիկանում հանդիպումներ էր ունենում, հիշեցնենք՝ ոչ անձնական բնույթի, այլ որպես Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, նույն ՀԸ-ի եթերում, հայտնի պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի մոտ հակաեկեղեցական տոնայնությամբ խայտառակ բովանդակությամբ հարցազրույց էր տալիս Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

ՀԸ-ի լուրերում ոչ մի հիշատակում չի եղել Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպման մասին: Հասարակական նշանակության նման հանդիպումը, բնականաբար, պետք է ներկայացվեր հանրությանը, սակայն իշխանական վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքն ընտրեց լռության ճանապարհը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը տուրք տալը։ Փոխարենը նույն ՀԸ-ը կարող է հեշտությամբ արտատպել ինչ-որ կայքի հակաեկեղեցական շեշտադրումներով լի մի հրապարակում... 

MediaHub–ը հաջորդ օրն իսկ դիմել էր  Հանրային հեռուստաընկերությանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ կաթողիկոսի այցը Վատիկան չի լուսաբանվել: Մեզ հորդորել էին հարցերն ուղղել գրավոր, ինչն էլ արել էինք և ահա ներկայացնում ենք ՀԸ–ի պաատսխանը: 

«Հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների լուսաբանող, մշտապես ձգտում է իր աշխատանքում համատեղել իրավական պահանջները, մասնագիտական չափանիշներն ու հանրության սպասումները։ Հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար լուսաբանում է Հայ Առաքելական Եկեղեցու և նրա գործունեության հետ կապված իրադարձությունները՝ ինչպես լրատվական թողարկումների, այնպես էլ ուղիղ եթերների, բանավեճերի, հարցազրույցների և այլ հեռուստատեսային ձևաչափերի շրջանակում»,- գրված է ՀԸ-ի պատասխանում։

MediaHub–ի հարցին` արդյո՞ք հարկատուներիս հաշվին գործող ՀԸ-ն  հրահանգ ունի իշխանությունից, որն այս ամիսներին հստակ հակաեկեղեցական քարոզչությամբ է զբաղված, չլուսաբանել Գարեգին Բ կաթողիկոսի այցերը և նրա գործունեությունը, ՀԸ-ից մեզ պատասխանել են․ «Քանի որ Ձեր վերջին հարցադրումն իր մեջ պարունակում է գնահատական, այն մեկնաբանման ենթակա չենք համարում»։

Այսպիսով, ՀԸ-ն մեր հարցին հստակ պատասխան չտվեց, և ուղղակի չցանկացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ է Հանրային հեռուստաընկերությունը բացահայտ ՔՊ-ական «դուդուկի տակ պարում», անտեսելով այսպիսի կարևորագույն իրադարձությունը, և մեզ՝ հարկատուներիս հրամցնում բացառապես իշխանահաճո իրադարձություններ ու միջոցառումներ:

Send