ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն առաջարկում է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45.0 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39.0 մլն եվրո (վարկային միջոցները նախատեսվում է հատկացնել 2 տրանշով` Տրանշ 1՝ 30.0 մլն դրամ և Տրանշ 2՝ 9.0 մլն դրամ), իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո:
Վարկը նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով։
Միաժամանակ Համաձայնագրերի հաստատման շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 875.0 հազար եվրո գումար, որը ուղղվելու է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությանը (մոբիլիզացմանը)՝ որպես դրամաշնորհ:
Համաձայնագրերով վարկային և դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որն ուղղվելու է ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: ՀՀ կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9.0 մլն եվրո, որից` 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով (Տրանշ 1՝ 6.0 մլն եվրո և Տրանշ 2՝ 1.8 մլն եվրո), իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (ԱՏԳ) և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին), որի ընդհանուր մակերեսը կազմում է 19.1 հա։ 13.5 հա նախատեսվում է ԱՏԳ կենտրոնի և դրա ենթակառուցվածքների համար, իսկ 5.6 հա վարչական շենքերի և դրանց ենթակառուցվածքների համար:
Վահե Մակարյան