Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ջրի որակը վատն է. պետությունը աչք է փակում «Վեոլիա ջրի» խախտումների վրա

Blog Image

Mediahub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ մի շարք մարզերում խմելու ջրի նմուշառումը և հետազոտությունները կատարվում են խախտումներով։ Ըստ այդմ, նշվում է, որ պետական պատվերի շրջանակում գործող լաբորատորիաները, կրճատումներից հետո, մի շարք մարզերում նմուշառումներն իրականացնում են պահանջներին չհամապատասխանող պայմաններում։

Տեղեկությունների համաձայն՝ նմուշառման կետերը չեն համապատասխանում լիցենզավորման չափորոշիչներին, մանրէազերծումը տեղում չի կատարվում, իսկ նմուշները տեղափոխվում են առանց սառնարանային բեռնարկղերի՝ խախտելով ջերմային ռեժիմը։
«Վեոլիա Ջուր»-ը չի հերքում, որ նմուշառումը շատ դեպքերում կատարվում է ոչ պատշաճ ձևով։ 

Մասնագետները ահազանգում են՝ ո՞վ է վերահսկում այս ամբողջ շղթան և տալիս թույլտվություն ջուրը շահագործելու։ Մինչ պատկան մարմինները հրաժարվում են պատասխանատվությունից, տուժում է շարքային քաղաքացին։

Այս ամենի շուրջ MediaHub-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով նշեց, որ հանրապետությունում կան անկախ փորձաքննություններ կատարող լաբարատորիաններ, բայց այլ հարց է՝ պետությունն օգտվո՞ւմ է այդ ծառայություններից, թե՞՝ ոչ։

«Ջրի որակ ստուգելու համար անհրաժեշտ սարքերով ու տեխնիկական բազայով զինված լաբորատորիաներ Հայաստանում կան, այլ խնդիր է, որ «Վեոլիա ջրի» հանդեպ պետական կառավարման համակարգը  ունի առանձնահատուկ մեծ սեր։ Եթե անգամ որոշակի տուգանքներ տեսնում ենք, դրանք ոչ թե ուղղված են սպառողների խնդիրները լուծելուն, այլ պետական վիճակագրությունը կարգավորելուն, որովհետև երբեմն հասարակական պահանջ է ձևավորվում: Հասարակությունը քննարկում է «Վեոլիա ջրի» լրջագույն խնդիրները, ու որպեսզի չերևա այն մեծ հովանավորչությունը, որն իրականացվում է պետության կողմից, քողարկվում է ձևական մի քանի վարույթի տեսքով»,- նշեց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ փաստ է այն, որ պարբերաբար արձանագրվում են խնդիրներ, և անգամ բացահայտ խնդիրների դեպքում տեսչական մարմինները, Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անգործություն են դրսևորում։

Պիպոյանը նշեց, որ հիմնական խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ սպառողները սկսում են շատ ջուր օգտագործել և ստիպված ջրի որոշակի հոսքերի փոփոխություն է տեղի ունենում, և հաշվի առնելով այն, որ չկան լուրջ ներդրումներ, հետևողական աշխատանք խնդիրներ են առաջանում։ 

«Այս պարագայում պետությունը պետք է ասի՝ «եղբայր Պատվական, քո խնդիրն է մինչև վերջ լուծել հարցը, հակառակ պարագայում քո հետ պայմանագիրը լուծարելու ենք»: Ինչը չի ասվում»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ապա Պիպոյանը հավելեց՝ երկարաժամկետ պայմանագրերի համար անհրաժեշտ է միջանկյալ ինդիկատրներ, որպեսզի կարողանանք այս ամենի վերաբերյալ վերահսկողություն իրականացնենք։

Էմմա Մարտիրոսյան

Send