Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանը մի հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Տեր Արամը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի գործով ցուցմունք տվե՞լ է, թե՞՝ ոչ:
Մանավորապես, MediaHub-ը հիշեցնում է, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Հաղորդման հիման վրա հարուցվել է վարույթ, երեկ քննչական գործողություններ են սկսվել Արագածոտնի թեմում, Սրբազանը ձերբակալվեց, իսկ այսօր առավոտյան դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորեց 2 ամսով:
Սոցիալական հարթակի հայաստանյան տիրույթում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին համեմատում են Հուդայի հետ, սակայն վերջինս ամենևին էլ չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում։ Նա այս մասին հայտնել էր լրագրողների հետ զրույցում:
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, որ ես ինքս եմ այս ամենը կազմակերպել, տխրեցնում է։ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ իմ հարցազրույցի հիման վրա իրենք են դիմել իրավապահներին։ Մարդիկ չե՞ն տեսնում սա։ Ես Քննչական կոմիտեում չեմ եղել, ոչ էլ կանչել են ինձ»,- մասնավորապես ասել է լրագրողներին Տեր Արամը։
Արդյո՞ք դա այդպես է, ի վերջո՝ Հանրայինի եթերում նրա հնչեցրած հայտարարություններից հետո արդեն այս հարցը փաշինյանական իրավական համակարգի ուշադրության կենտրոնում էր հայտնվել:
MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտեին, հասկանալու՝ այս գործի շրջանակում Տեր Արամը չի՞ հարցաքննվել:
«Քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հարցաքննվածների հետ կապված տեղեկատվություն չենք տրամադրում»,- նշեցին Քննչական կոմիտեից:
Սակայն քիչ անց ՔԿ-ից մեզ հետ կապ հաստատեցին և հավելեցին.
«Քրեական վարույթի շրջանակներում անձը հարցաքննվել է»: