Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բջջայինների, QR կոդերի էպոպեան. Քաղաքապետարանն ու ԿԳՄՍՆ-ն իրար հետ չեն աշխատում, տուժում են երեխաները

Blog Image

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։

Առաջարկվում է 1-ից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ 

«Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված կբերի հեռախոսը դպրոց, այն դասի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում, խոսքը միայն հեռախոսների մասին չի, նաև պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Խիստ սահմանափակումներ կլինեն բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական մեկ երկու անգամ տեղի ունենալ»,- հայտարարեց երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Այս ամենից կարող ենք փաստել այն, որ Երևանի քաղաքապետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը իրար հետ չեն աշխատում, այլապես քաղաքապետարանը տեղեկացված կլիներ, որ սկսած առաջին դասարանից, երեխաների դասագրքերում այսուհետ ներառված են QR կոդեր, որոնց համար պետք է կա՛մ հեռախոս, կա՛մ այլ սարք, որով աշակերտները կսկանավորեն այդ կոդերը՝ նյութին ծանոթանալու համար։ Այդպես, այս ուսումնական տարվա մեկնարկը ազդարարվեց մեծ աղմուկով, երբ պարզվեց, որ 1 դասարանցիների դասագրքերում չկա Մեսրոպ Մաշտոցի նկարը, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ի պատասխան, մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ նա QR կոդը սկանավորելով ցույց է տալիս Մեսրոպ Մաշտոցի մասին մի տեսահոլովակ։ Այսինքն, մի կողմից, երեխաներին պարտադրում են ամբողջությամբ կախվածություն ունենալ ժամանակակից տեխնոլոգիաներից, մյուս կողմից էլ արգելում են այդ տեխնոլոգիաների կիրառումը: Աբսուրդ:

Հիմա հարց. եթե Երևանի դպրոցներում կսահմանափակվի ու կարգելվի հեռախոսների և պլանշետների օգտագործումը, ապա ինչպե՞ս են երեխաները լիովին կարողանալու օգտվել դասագրքերից, ծանոթանալ նյութերին, թե՞ QR կոդերից միայն տանն են օգտվելու․ MediaHub-ը այս հարցերով դիմեց ԿԳՄՍՆ–ին։

«Հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն՝ առաձնահատուկ կարևորություն է տրվում սովորողների թվային գրագիտությանը և ուսուցման գործընթացում սովորողակենտրոն, ինտերակտիվ մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմանը: Դա հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել առավել ակտիվ և հետաքրքրական և որպես վերջնարդյունք՝ ապահովել ոչ միայն գիտելիք, այլև դրանք գործնականում կիրառելու կարողությունների ու հմտությունների ձևավորում և արժևորում: Այս համատեքստում տեխնոլոգիաների, այդ թվում՝ հեռախոսների կիրառումը դասապրոցեսի ընթացքում ունի կարևոր դերակատարում: Ուստի, որպես կրթության լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասապրոցեսի արդիական և տեխնոլոգիապես հագեցած մեթոդներով կազմակերպումը, որի իրականացմանը կարող են նպաստել նաև դասերի ժամանակ հեռախոսների կիրառումը»,– նշեցին ԿԳՄՍՆ–ից։ 

Նախարարությունից հավելեցին, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է ապահովում պետական կրթական քաղաքականությունը՝ հանդիսանալով ոլորտային քաղաքականություն մշակող միակ և  հիմնական մարմինը:

Վերոգրյալի համատեքստում նախարարությունը սահմանում է, որ էլեկտրոնային միջոցները հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվեն բացառապես ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով։

Կրթական գործընթացում պետք է սովորեն ճիշտ օգտագործել թվային գործիքները. մեդիագրագիտությունը ներառում է նաև ճիշտ ժամանակին ու նպատակային համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործում: Արգելքները չեն նպաստում թվային գիագիտության զարգացմանը և ընդամենը խնդիրները տեղափոխում են դպրոցից դուրս:

«Հետևաբար, նախարարությունը կարևորում է հավասարակշռված և միասնական մոտեցումը․ բջջային հեռախոսները դպրոցում չպետք է խանգարեն ուսումնական գործընթացին, սակայն թվային կրթական հնարավորություններից օգտվելու հարցում անհրաժեշտ է ապահովել մատչելիություն բոլոր սովորողների համար։ Եթե սովորողները չունեն անհատական հեռախոսներ, ապա ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացին թվային ռեսուրսների հասանելիությունը պետք է ապահովվի դպրոցի կողմից՝ դպրոցում առկա տեխնիկական միջոցներով։  Դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման կարգավորումները անհրաժեշտ է սահմանել տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով»,– ահա և ԿԳՄՍՆ–ի պատասխանը։

Փաստացի, եթե դպրոցի տնօրենը դեմ է հեռախոսներին, ապա երեխաները չեն կարողանա դասապրոցեսին լիովին մասնակցել, QR կոդերը չեն սկանավորի, չեն իմանա, օրինակ, թե ով է Մեսրոպ Մաշտոցը, կիսատ–պռատ գիտելիքներով կավարտեն դպրոցը։

Այսպիսով ստացվում է, որ կա՛մ Երևանի  քաղաքապետարանը այդ որոշումը պետք է վերանայի (իր ենթակայության տակ գործող դպրոցների մասին է խոսքը), կա՛մ, ԿԳՄՍՆ–ն վերանայի դասագրքերում QR կոդերի գոյությունը և վերադարձնի աշակերտներին հին ու բարի՝ գրքերից օգտվելու կարևորությունը:

Մարիաննա Արամյան

Send