Արդեն մի քանի օր է, ինչ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիաներ են իրականացնում՝ այդպիսով հրավիրելով ՊՆ ուշադրությունը և պահանջելով պատասխաններ իրենց հարցերին:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, երեկ ամբողջ օրը ծնողները ՊՆ շենքի դիմաց էին, պահանջում էին, որ իրենց ընդունի ԳՇ պետը, թեև օրվա ընթացքում նախարարությունից պատրաստակամություն էին հայտնել մի խումբ ծնողների ընդունել, բայց ոչ իրենց ուզած պաշտոնյան, այլ փոխնախարարը: Ծնողները դժգոհություն էին հայտնել այս առաջարկին և շարունակել պնդել ԳՇ պետին տեսնելու անհրաժեշտությունը:
Եվ ահա, երեկոյան անհետ կորած զինծառայողների ծնողներին, շուրջ 30 հոգու, ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
MediaHub-ի հետ զրույցում ծնողներից մեկը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից: Նրա խոսքով, հանդիպումը այնքան էլ հարթ չի անցել, մի պահ նույնիսկ իրավիճակը լարվել է՝ ծնողներից մեկի բարձր տոնն է եղել պատճառը, որին շտաբի պետն արձագանքել է առանց ծնողի դրության մեջ մտնելու։
«Ծնողներից մեկը մի քիչ ագրեսիվ տոնով խոսեց ու էդ գեներալների դուրը չեկավ, փորձեցին մեզ նախազգուշացում անել, թե՝ «ագրեսիվ մի խոսացեք, մենք էլ կարանք ագրեսիվ խոսալ»: Ես էլ ասեցի, որ դու չես կարա էս ծնողի հետ ագրեսիվ խոսաս, ոչ մեկ չունի էդ իրավունքը»,- պատմեց մեր զրուցակիցը։
Իրավիճակը հանդարտվելուց հետո Ասրյանը խոստացել է, որ ժամանակ առ ժամանակ ծնողների հետ հանդիպում է ունենալու։
«Ասաց, որ հանդիպում կլինի 5-10 հոգով ու ամեն մեկի խնդրին անհատական լուծում կտա։ ԳՇ պետը 5 տարի հետո որոշել ա, որ անհատական ամեն մեկի գործը պիտի ուսումնասիրի, տեսնի՝ ինչ կարա անի»,- մեզ հետ զրույցում պատմեց անհետ կորածի ծնողը՝ ավելացնելով, որ ծնողները խանդավառված չեն այս հանդիպման ելքից:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ եթե մինչ այս պահը հարազատները ԱԱԾ տվյալներին էին հիմնվում և հնչեցնում 195 անհետ կորածի մասին, ապա հանդիպմանը Ասրյանը նրանց այլ ցուցակ է ներկայացրել, համաձայն որի` անհետ կորածների թիվը ավելին է՝ 265 անուն կա այդ ցուցակում:
Էմմա Մարտիրոսյան