Առավոտյան ևս մեկ կալանավորում եղավ Հայաստանում. փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով գրառում կատարելու համար:
Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը (ով նախկինում կալանքի որոշում էր կայացրել արքեպիսկոպոսներ Բագրատի և Միքայելի նկատմամբ):
Այս կալանավորմանն արձագանքել է նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը, սակայն, մի փոքր այլ կերպ:
Ահա ՄԻՊ-ի հայտարարությունից մի հատված.«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»:
Մի կողմից՝ և՛ յեղել է, և՛ դեղել, որ հանկարծ ընդդիմությունը չմեղադրի, թե որևէ արձագանք չկա, իշխանությունն էլ չջղայնանա, թե ինչպես է հանդգնել դատապարտել աջ ու ձախ կալանավորելու պրակտիկան:
Զարմանալիորեն ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը նման հայտարարությունները հասցեագրում է միայն ընդդիմությանը և միայն դա է տեսնում, մինչդեռ հանրությանը լավ տեսանելի է, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները, ՔՊ կարկառուն անդամները ավելի անվայել, անպարկեշտ, անհարիր ձևակերպումներով ու նույնիսկ սպառնալիքներով լի հայտարարություններով հանդես գալիս, իսկ ոմանց վիրավորական խոսքը նույնիսկ, ցավոք, սովորական է դարձել:
Մասնավորապես, հենց երեկ ՀՀ մարզպետներից մեկը ուղիղ սպառնաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորին, թե՝ «ինչքան շուտ հելնես, էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս»։
Եթե այս արտահայտությունը օգտագործեր որևէ ընդդիմադիր գործիչ, ապա հաջորդ մի քանի ժամվա ընթացքում փաշինյանական իրավապահ համակարգը նրան կփռեռ ասֆալտին, մասկի-շոույով բերման կենթարկեր, մի քանի ժամից էլ, անշուշտ, կկալանավորեր նվազագույնը 2 ամսով:
MediaHub-ը դիմեց ՄԻՊ գրասենյակ, հասկանալու՝ ինչո՞ւ են իր հայտարարությունները հիմնականում ընդդիմությանը հասցեագրված և պատրաստվո՞ւմ է, արդյոք, արձագանքել նաև ՔՊ-ականների վիրավորանքներով ու սպառնալիքներով հայտարարություններին:
Պատասխանը, ինչպես և սպասելի էր, նույնքան ոչինչ չասող էր։ «Պաշտոնատար անձանց կողմից վարքագծի և էթիկայի կանոնների պահպանման առնչությամբ հարցերը խնդրում ենք ուղղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանը չունի լիազորություն»,- MediaHub-ին հայտնեցին ՄԻՊ-ի աշխատակազմից: