Արդեն հայտնել ենք, որ երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա փաստաբանական թիմը, որը գերազանցում է երկու տասնյակը, հստակ հայտարարել է, որ Կոչուբաևի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեսնում այս իշխանությունը, իրավական որևէ տարր չկա այն գործում, որը հարուցվել է։
Այս ամենից հետո մի շարք փաստաբաններ հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ պետք է ինչ-որ կերպ պայքարել այս իրավական «բեսպրեդելի» դեմ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն օրինակ, հայտարարեց, որ անժամկետ գործադուլ է հայտարարում։ MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ իր պաշտպանյալները կհասկանան իրեն, իր կողքին կկանգնեն։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե փաստաբանական համայնքն ինչ որոշում է կայացրել, սակայն վստահ է՝ ինչ-որ հստակ քայլ պետք է արվի։
«Այն, որ մի բան պետք է անենք, պարզ է, բայց թե ինչ, երբ ու ինչ ժամկետով, դեռևս չեմ կարող ասել։ Եթե գործադուլի որոշում լինի, իհարկե, ես էլ կմիանամ։ Դժգոհության ալիք պետք է լինի»,- նկատեց Հարությունյանը։
Միևնույն ժամանակ, փաստաբանը նշեց՝ բազմիցս ասել է՝ իրավաբանական անզորության մթնոլորտ է ստեղծվել, ապօրինությունների շղթան անընդհատ ձգվում է, և փաստաբաններն էլ պիտի պատրաստ լինեն դրան։
«Ես վստահ եմ՝ շատ շուտով եկեղեցու վրա հարձակում է լինելու, և ոտնձգության քայլեր են լինելու Վեհափառի նկատմամբ, ուստի փաստաբանները պիտի նաև պատրաստ լինեն նոր պաշտպանություններ ստանձնելու։ Դրանից ելնելով պետք է մեր բոյկոտի ֆորմատն ընտրենք։ Եթե համեմատենք մեզ բժշկի հետ, ապա մենք նման ենք բժշկի, որը գործադուլ է անում նախարարից դժգոհություն ունենալու պատճառով, սակայն չի կարող չաշխատել, եթե ծայրահեղ ծանր վիճակում հիվանդի բերեն»,- ամփոփեց խոսքը Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արայիկ Պապիկյանը փաստաբանական հանրությանն առաջարկել էր 7-օրյա գործադուլ հայտարարել՝ բոլոր տիպի գործերով ու վարույթներով։
«Ռեժիմը քանդել և քանդելու է բոլոր ինստիտուտները. եթե հանդգնել են կործանել 1700-ամյա ինստիտուտը, ապա մեր պալատի (մեզնից յուրաքանչյուրի) «հնազանդեցնելու» հերթը ևս գալու է։ Կարող ենք լուռ հետևել, և սպասել, թե երբ է մեր հերթը գալու կամ …»,- գրել է նա:
Նարե Գնունի