Մի քանի օր առաջ դատարանն անմարդկային որոշում կայացրեց՝ 8 ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանին 3 ամսով կալանավորեցին, ում խնամքի տակ է երեք անչափահաս երեխա։
Այս որոշման արդյունքում 8 ամսական երեխան ՔԿՀ տեղափոխվեց Լիանա Հորությունյանի հետ, ապա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում բանտախուցը բացարձակ պիտանի չէ որպես 8 ամսական երեխայի պահման վայր։ Եվ գրեթե անմիջապես երեխան առողջական խնդիրներ ունեցավ. ըստ Փոստանջյանի՝ երեխային բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, իսկ կիրակի օրը Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցին հիվանդանոց։ Երեխայի մոտ փորլուծություն է եղել։
Փոստանջյանի խոսքով՝ բանտախուցը, որտեղ գտնվում էր փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ այդքան փոքր երեխայի կեցության համար: Իր հերթին, ՀՀ քրեակատարողական ծառայությունը փորձեց արդարանալ և հրապարակեց խցի պայմանների լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա փոքրիկը, հորդորելով Փոստանջյանին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ։
MediaHub-ը զրուցեց փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, հասկանալու՝ ի՞նչ նորություններ կան փոքրիկի առողջական վիճակից և նրա մորից՝ Լիանա Հարությունյանից։
«Այսօր չեմ տեսել Լիանային և փոքրիկին, բայց այս պահին երեխայի տատիկը, Լիանայի ամուսինը և երկու անչափահաս երեխաներն իրեն գնացել են այցի»,– նշեց Փոստանջյանը։
Հարցին, թե ե՞րբ Լիանային և փոքրիկին պետք է հետ տանեն ՔԿՀ, Փոստանջյանը պատասխանեց․ «Դե ո՞ւր տանեն, եթե այսքան բանից հետո պետք է տանեն, երեխուն տանելու են սպանեն։ Այժմ դեռ երեխայի առողջական վիճակը պետք է վերականգնվի»։
MediaHub-ի հարցին՝ արդյո՞ք ՔԿՀ–ից Փոստանջյանի հետ կապ հաստատել են խցի պայմանները բարելավելու հարցի հետ կապված, կամ ինքը տեղյակ է, որ որևէ բան այս ուղղությամբ արվում է, պաշտպանը պատասխանեց՝ ոչ, և իրեն դա քիչ է հետաքրքրում, քանի որ, ըստ պաշտպանի, Լիանա Հարությունյանը և փոքրիկը ուղղակի չպետք է վերադառնան բանտախուց։
Նշենք, որ Փոստանջյանն այսօր առավոտյան գրել էր․ «Ես որպես Լիանա Հարությունյանի պաշտպան բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի։ Պատրաստվել է նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։
Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել, և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշումը, պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո»:
Մարիաննա Արամյան