Մի քանի օր առաջ դատարանն անմարդկային որոշում կայացրեց՝ 8 ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանին 3 ամսով կալանավորեցին, ում խնամքի տակ է երեք անչափահաս երեխա։
Այս որոշման արդյունքում 8 ամսական երեխան ՔԿՀ տեղափոխվեց մոր՝ Լիանա Հարությունյանի հետ, ապա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում բանտախուցը բացարձակ պիտանի չէ որպես 8 ամսական երեխայի պահման վայր։ Եվ գրեթե անմիջապես երեխան առողջական խնդիրներ ունեցավ. ըստ Փոստանջյանի՝ երեխային բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, իսկ կիրակի օրը Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան»-ից տեղափոխվեցին հիվանդանոց։ Երեխայի մոտ փորլուծություն է եղել։ Եվ հիմա երեք անչափահասների մոր փաստաբանն ասում է՝ կինը չպետք է վերադառնա բանտախուց։ Դրա համար պատգամավորները ևս միջնորդություն են ներկայացրել։
Այսպես, կնոջ նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել «Հայաստան» խմբակցության վեց պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Արեգնազ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Իրինա Գասպարյանը։
«Մենք շուտով հայտարարության տեքստ կտարածենք։ Այն պատգամավորները, որ ցանկանում են ևս միջնորդություն ներկայացնել, կարող են այդ տեքստը տպել, ստորագրել և ուղարկել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների մեյլերին»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։
Նարե Գնունի