Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ դիրքորոշում ունի «Հայաստան» խմբակցությունը Դավիթ Համբարձումյանի թեկնածության շուրջ

Blog Image

Քիչ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միս ու արյուն է տրվում, վարչապետի թեկնածու իրենք առաջադրում են Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին:

Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը կհամախմբվի Համբարձումյանի թեկնածության շուրջ, «Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ գործընթացին. MediaHub-ը փորձեց պարզել` զրուցելով խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

«Ես նոր եմ կարդացել հայտարարությունը: Հաջորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը: Պետք է քննարկենք հարցը»,- նշեց Օհանյանը:

Հարցին, թե ինքն անձամբ ինչպե՞ս է վերաբերում Համբարձումյանի թեկնածությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց` իր մասին որևէ բացասական կարծիք չունի:

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:

Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից»:

Նարե Գնունի

Send