«Ուղիղ եթերում Սոլովյովը հարցնում է, թե ումն է Ղրիմը։ Այդ հարցը հատուկ նպատակով էր տրվում, և ես կա՛մ պիտի պատասխանեի՝ Ռուսաստանինն է, կա՛մ էլ՝ Ուկրաինայինը»,- ԼուրջCast հաղորդման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով այդքան մեծ տարածում գտած իր՝ «Крым наш» արտահայտությանը։
Նրա խոսքով՝ այդ հարցն ուներ երկու պատասխան, և այդ երկու պատասխանների դեպքում էլ իր պատասխանը ճիշտ չէր լինի։
«Եթե ես ասեի՝ Ղրիմը Ռուսաստանինն է, ճիշտ չէր լինի, եթե ասեի՝ Ուկրաինայինն է, էլի ճիշտ չէր լինի։ Ու այդ ժամանակ ես КВН-ի հայտնի տեքստն ասացի՝ «Крым наш»։ Ու իրեն այդ տրամաբանության մեջ եմ պատասխանում, հետո հարցին բացվածք եմ տալիս՝ ներկայացնելով Արցախի հարցը։ Ներկայացնում եմ, որ Արցախի ժողովուրդը ներկայացրել է իր կամարտահայտումը՝ ասելով, որ ցանկանում է լինել կա՛մ անկախ պետություն, կա՛մ միանալ Հայաստանին։ Հիմա եթե մենք այդ իրողությունը չընդունեինք և ասեինք, որ արցախցիների ռեֆերենդումը ճիշտ էր, Ղրիմում ապրող ժողովրդինը՝ սխալ, արդեն չէինք կարող ասել, որ Արցախը հայկական է։ Իմ պատասխանն այդ համատեքստում էր»,- նկատել է նա։
Դիտարկմանը, որ այդ արտահայտությունից հետո շատերն իրեն սկսեցին անվանել «ՌԴ-ի շպիոն», Արթուր Վանեցյանն արձագանքել է՝ ասելով, որ ով այս իշխանության կողմից չէ, հենց նույն իշխանության կողմից ներկայացվում է որպես գործակալ։