Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել. գիշերվա ռմբակոծությունից հետո Իսրայելը քիչ առաջ հարվածներ է հասցրել Թավրիզին, մասնավորապես, պայթյունը տեղի է ունեցել Թավրիզի օդանավակայանում: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ կան զոհեր և վիրավորներ։
Սրան զուգահեռ, Նախիջևանում մի քանի օր առաջ մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, հսկայական զինտեխնիկա է տեղակայվել Նախիջևանում, Երևանից ընդամենը 70կմ հեռավորության վրա:
Ի՞նչ զարգացումներ սպասել, արդյոք այս իրավիճակը հղի է լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով, և արդյոք, օգտվելով այս իրավիճակից, Հայաստանը թուրք–ադրբեջանական տանդեմի թիրախ չի դառնա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
«Ակնհայտ է, որ Իրանի ռեսուրսային զբաղվածությունն Իսրայելի դեմ փաստացի պատերազմով, ըստ էության, կարող է որոշակիորեն խթանել Թուրքիայի և Ադրբեջանի «ախորժակը» տիրանալու «Զանգեզուրյան միջանցքին», մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ Նախիջևանում այս պահին ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ թե՛ հրամանատարաշտաբային մակարդակով, թե՛ գետնի վրա»,– նշեց Ոսկանյանը։
Հաշվի առնելով մերձավոր արևելյան տարածաշրջանում խիստ լարված իրավիճակը և թուրք–ադրբեջանական տաբդեմի կողմից մշտական սպառնալիքները ՀՀ նկատմամբ, ըստ Ոսկանյանի, ՀՀ–ն պետք է ձեռնարկի որոշ առաջնահերթ քայլեր։
«Մեր հիմնական օրակարգը պետք է դառնա մեր պետության և մեր ազգի անվտանգությունը: Հաջորդ քայլը պետք է միտված լինի ՀՀ Զինված ուժերի համապատասպան մարտական պատրաստության աստիճանի բերելը, հաջորդ քայլը՝ դաշնակից պետությունների հետ իրականացվի փակ խողովակներով համակարգում և, բնականաբար, Իրանի հետ դիվանագիտական և անվտանգային խորհրդատվությունների մշտական կապի խողովակի ստեղծում լինի»,– թվարկեց Ոսկանյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ Իրանի պատասխան հարվածն ընթացքի մեջ է, առաջին փուլը՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, արդեն մեկնարկվել է, հրթիռային միջոցներ կիրառվելու են, ինչպես նաև այլ միջոցներ, և ամենայն հավանականությամբ՝ Իրանը կօգտագործի իր մոտ եղած նորագույն հնարավորությունների ողջ արսենալը։
Իսրայելի վարչապետը ևս անհանգստացած է հարվածերից, Իսրայելում խուճապային տրամադրություններ կան՝ դատելով տարածվող տեսանյութերից, ինչպես նաև Իսրայելի Պաշտպանության բանակի իջեցված պաշտոնական արգելքից՝ տարածելու որևէ տեսանյութ կամ տեղեկատվություն երկրի ներսում տիրող իրավիճակից։
MediaHub-ը հետաքրքրվեց իրանագետից՝ ինչպե՞ս է կարողանում Իսրայելն այս էլ որերորդ անգամ կոնկրետ թիրախավորել այն տարածքները, կետային, որտեղ գտնվում են բարձաստիճան պաշտոնյաներ, ռազմական էլիտայի ներկայացուցիչներ, ինչպե՞ս է միշտ այդպես ստացվում.
«Իսրայելն օգտագործում է ոչ միայն իր հետախուզական տվյալները, այլ նաև Ւսրայելի մշտական դաշնակից ԱՄՆ–ն է տրամադրում Իսրայելին անհրաժեշտ տեղեկատվություն՝ առանց ամերիկան օժանդակության և աջակցության Իրանին արդյունավետ հարված հասցնելն անհնարին կլինի: Եվ այսօր էլ մենք դրա ականատեսն ենք, չնայած ԱՄՆ–ն հերքում է դա՝ պնդելով, որ իրենք միայն տեղեկացված են եղել արվածի վերաբերյալ և որևէ օժանդակություն, աջակցություն և մասնակցություն չեն ունեցել, բայց ակնհայտ է, որ ԱՄՆ–ն աջակցում է: Առանց ԱՄՆ–ի թույլտվության Իսրայելը չէր գնա այդ քայլին»,– նշեց նա։
Վարդան Ոսկանյանը մատնանշեց՝ բավականին կարևոր հանգամանք է գիտնականների սպանությունները: «Որևէ պարագայում չպետք է գիտնականները թիրախ դառնան, թեկուզ միջուկային ոլորտում աշխատող գիտնականները: Սա պետք է գնահատվի որպես ահաբեկչություն, որովհետև եթե ռազմական թիրախներին հարված հասցնելը պատերազմական ակտ է, ապա գիտնականներին թիրախավորելը՝ ահաբեկչական գործողություն»,– հավելեց Ոսկանյանը։
Մարիաննա Արամյան