Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ե՞րբ ինքնաթիռները ՀՀ-ից կկարողանան թռիչքներ իրականացնել դեպի Դուբայ, Աբու Դաբի և ԱՄԷ այլ քաղաքներ

Blog Image

Այսօր գիշեր մի շարք չվերթներ՝ ՀՀ–ից և դեպի Հայաստան չեղարկվել են, պայմանավորված Իրանին Իսրայելի կողմից հասցված հարվածներով: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, ըստ իրանական լրատվամիջոցների՝ այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում։ Իրանի, Իրաքի, Իսրայելի և Հորդանանի օդային տարածքները փակ են, անժամկետ չեղարկվել են Երևանից դեպի Իրան, Իսրայել և ԱՄԷ թռիչքները:

MediaHub-ի հարցին, թե միգուցե այլընտրանքային ճանապարհով ՀՀ–ից ինքնաթիռներն այս պայմաններում իրականացնեն չվերթներ դեպի Դուբայ, Աբու Դաբի և ԱՄԷ այլ քաղաքներ, ՀՀ Քաղավիացիայից պատասխանեցին․ 

«Թռիչքները չեղարկվել են գիշերը 4։30-ից սկսած, Իրանի օդային տարածքը փակ է և թե ե՞րբ կբացվի, պարզ չէ, ամեն ինչ կախված է դրանից: Այս պահին այլ ճանապարհ չկա, բոլորը սպասում են»։

«Զվարթնոց» օդանավակայանից էլ MediaHub-ին պատասխանեցին, որ տեղեկություները երթուղիների փոփոխման և մնացածի մասով տրամադրում են ավիաընկերությունները։

Նշենք, որ ավելի վաղ MediaHub-ին Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը հայտնել էր, որ բարեբախտաբար հայերով բնակեցված թաղամասում ռմբակոծություն տեղի չի ունեցել, ռմբակոծվել են արևելյան և արևմտյան շրջաններում, և հայերի շրջանում չկան զոհեր և վիրավորներ։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ ԱՄՆ–ն հայտարարել է, որ չի օգնել Իսրայելին Իրանին հարվածելու հարցում:

Մարիաննա Արամյան

Send