Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի, հայտնվել մայթին։
MediaHub-ը կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ, ով տեղեկացրեց, որ ըստ նախանական տվյալների՝ ձեռքի արգելակման համակարգից է եղել խնդիրը։
«Վարորդը ղեկին չի եղել, բնականաբար նաև ավտոբուսում չեն եղել ուղևորներ։ Մյուս մեքենաները, որոնց հարվածել է ավտոբուսը, կայանված են եղել: Այս պահին մեր մասնագետները ուղևորվում են դեպքի վայր, ավելի ուշ նրանք մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն»,- նշեց Ասատրյանը։
Հիշեցնենք, որ MediaHub –ը գրել էր՝ վերջին շրջանում բավականին հաճախակիացել են ավտոբուսների մասնակցությամբ վթարները կամ այլ պատահարները, մասնավորապես, նշված տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 2024 թվականի առաջին եռամսյակում տեղի է ունեցել 342 ճանապարհատրանսպորտային պատահար, 2025 թվականի առաջին եռամսյակում՝ 543։
Էմմա Մարտիրոսյան