Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է: Յոդ պարունակող հորմոնների՝ թիրոքսինի և տրիյոդթիրոնինի արտադրության շնորհիվ այն կարգավորում է օրգանիզմում նյութափոխանակությունը։
Վահանաձև գեղձի հորմոնները ազդում են մարմնի գրեթե բոլոր հյուսվածքների և բջիջների վրա, ապահովում են բջիջների աճը, օգնում են ուղեղի, սրտանոթային համակարգի և ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքին։
Բացի այդ, վահանաձև գեղձը արտադրում է մեկ այլ հորմոն՝ կալցիտոնին: Այն օգնում է ոսկրային հյուսվածքին մնալ ամուր և օգնում է այն վերականգնվել։
Մարդու մյուս օրգանների նման, վահանաձև գեղձը նույնպես կարիք ունի խնամքի և կանոնավոր ստուգումների: Կա տարածված կարծիք, որ վահանաձև գեղձի առողջության համար բավական է ուտել շատ յոդով հարուստ սնունդ (և որոշ մարդիկ նույնիսկ յոդի սպիրտային լուծույթ են ավելացնում սննդին, ինչը խստիվ արգելվում է):
Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ չէ ամեն օր ծովային ջրիմուռ ուտել: Սննդաբանները նշում են, որ կան այլ սննդամթերքներ, որոնք կարող են օգնել այս կարևոր օրգանին ավելի երկար և ավելի արդյունավետ աշխատել:
Ծովային կաղամբ։ Համարվում է վահանաձև գեղձի համար ամենաօգտակար մթերքներից մեկը։ Այն մեծ քանակով յոդ է պարունակում և այլ օգտակար նյութեր, այդ պատճառվ էլ դրա օգտագործումը վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման միջոցներից մեկն է համարվում։
Արմավ։ Այս մթերքը ևս հարուստ է յոդով, ինչի արդյունքում դառնում է օգտակար մթերք՝ վահանաձև գեղձի առողջության պահպանման համար։
Հապալաս։ Հապալասը բնական հակաօքսիդանտ է, որը կարող է կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը, կանխարգելել հորմոնալ անհավասարակշռությունը։
Յուղոտ ձուկ։ Սաղմոնը, օրինակ, շատ օգտակար է վահանաձև գեղձի համար, քանի որ մեծ քանակով օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ Շաբաթվա ընթացքում նվազագույնը 2-3 անգամ յուղոտ ձուկ օգտագործեք՝ խաշած կամ խորոված վիճակում։
Ընկույզով, մեղրով ու կիտրոնով խառնուրդ։ Այս խառնուրդն օգտակար է ոչ միայն էնդոկրին, այլև իմունային համակարգի համար։ Եթե ամեն օր 2-3 անգամ մեկ թեյի գդալ այս խառնուրդից օգտագործեք, կօգնեք վահանաձև գեղձին ավելի ակտիվ աշխատել։