Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Ժամանց Միջազգային Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Երկրի պատվի համար է»․ Ջենիֆեր Լոպեսին Mercedes Sprinter-ով դիմավորելու դիմաց փող չե՞ն վճարելու

Blog Image

Ջենիֆեր Լոպեսին Հայաստանում դիմավորել են ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Business Car Service ընկերության տրամադրած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով, որը հասարակ Sprinter չէ, այլ լյուքս սրահով՝ նախատեսված հատուկ բարձրաստիճան հյուրերին սպասարկելու համար։ 

Հյուրանոց հասնելուց հետո, սակայն, համաշխարհային աստղի հետագա տեղաշարժն ապահովում էին հասարակ յոթտեղանոց, մի քանի տարվա հնության Mercedes V-Class մինիվենով, որն իր շքեղությամբ և սրահի ձևավորմամբ էապես զիջում է վերը նշված Mercedes Sprinter-ին։ Թեպետ՝ այդ Sprinter-ն էլ ընդամենը արտաքինից է շքեղ, սրահն, իրականում Թուրքիայում է հավաքած՝ ոչ թանկարժեք նյութերով։ Այսինքն՝ երկու դեպքում էլ այս մեծության աստղին ոչ հարիր մեքենաներ էին հատկացվել, մինչդեռ Հայաստանում շատ ավելի շքեղ ու թանկարժեք, տարեթվով ավելի նոր մեքենաներ կային, որոնք տրվում են վարձույթով՝ Rolls-Royce, Bentley, Mercedes-Maybach, կարելի էր այդպիսի մեքենաներ վարձել, ոչ թե էժանագին միկրոավտոբուսներ։ 

Թե ինչով են հետո որոշել, որ Ջեյ Լոյի տրանսպորտը պետք է փոխվի հյուրանոց հասնելուց հետո, Business Car Service ընկերության ղեկավար Դավիթ Մելիքյանը MediaHub-ին ասաց, որ իրենք ընդամենը մեկ մեքենա են տրամադրել Լոպեսի այցի համար՝ Mercedes Sprinter-ը, իսկ թե հետո ինչու է Լոպեսը այլ մեքենայով տեղաշարժվել, չի կարող ասել՝ հավանաբար երգչուհու անվտանգությունն է այդպես որոշել։ 

Մեր զրուցակիցն ասաց, որ համաշխարհային աստղին նման բարձրակարգ մեքենայով դիմավորելու պայմանագիրն ուղիղ իրենց հետ չի կնքվել, այլ մեկ այլ ընկերության միջոցով են իրենք այդ ծառայությունը մատուցել։ Ի դեպ, դեռ որևէ գումար իրենց չեն վճարել դրա համար, ու հնարավոր է՝ ոչ էլ վճարեն։

«Եթե չեմ սխալվում, ինքը տենց գումարով չի եղել, այլ թիմային՝ երկրի պատվի համար նման միջոցառում անցկացնելու համար նման ֆոնդ է եղել ավելի շատ։ Ինքը սիմվոլիկ զուտ 100-200 հազար դրամի սահմաններում կարող է նման ծախս լինել, հիմա կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ միջոցառումն էլ դեռ լրիվ չի ավարտվել»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասում են՝ ամբողջ թիմը միջոցառումն ավարտի, նոր գումարի չափի, հաշվարկների հետ կապված հասկանան՝ ինչ են անում։ Բայց չբացառեց, որ զուտ բարի կամքի դրսևորում լինի իրենց կողմից և կարող է՝ հրաժարվեն Լոպեսին դիմավորելու դիմաց որևէ բան վերցնեն։

Նկատենք, որ մամուլում հրապարակվեց, թե որքան գումար է պետությունը ծախսել Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերելու համար՝ մոտ 6 մլն դոլար, որի շրջանակներում միջոցառման կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը 8.5 միլիոն դրամ պետք է ծախսեր միայն մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար։ Business Car Service-ը, հավանաբար, հենց «Դոպինգ Սփեյս»-ի հետ է Sprinter-ի տրամադրման պայմանագիր կնքել։ Ընկերության տնօրենի խոսքից, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու պետք է իրենք գումար չվերցնեն իրենց մատուցած ծառայության համար, եթե բոլոր ծառայությունների, այդ թվում՝ հյուրանոցի, սննդի, դիմավորողի, մենեջերի, պրոդյուսերի և տարատեսակ այլ անձանց վրա արդեն իսկ աստղաբաշխական թվեր են ծախսել։ 

Ամեն դեպքում, Business Car Service-ի տնօրենն ասաց, որ իրենց կողմից տրամադրվող Mercedes Sprinter-ով մարդ դիմավորելու-ճանապարհելու արժեքը 60-100 հազար դրամ է, և, եթե գումար փոխանցեն, ապա, ըստ Դավիթ Մելքոնյանի, մոտ 200 հազար դրամ կփոխանցեն իրենց։ Ստացվում է՝ ավտոմեքենաների վարձակալության համար նախատեսված 8.5 մլն դրամից 8.3 մլն դրամը այլ մեքենաների վրա են ծախսել, բայց պարզ չէ, թե քանի մեքենա են վարձակալել և ինչ արժեքով։ Իսկ Sprinter-ը տրամադրած ընկերության տնօրենն էլ, ձեռքի հետ, այս թեմայի վրա հայրենասիրական դիվիդենտներ է ուզում կորզել՝ զուգահեռ չհրաժարվելով, իհարկե, նախատեսվող գումարից, երբ հաշվարկներն ավարտվեն։

Վահե Մակարյան

Send