Ադրբեջանական և արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ այսօր, իրենց աղբյուրներին հղում տալով, գրեցին, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեկնելու են ԱՄՆ, և Վաշինգտոնում Թրամփի հետ եռակողմ հանդիպման ընթացքում բանակցելու են «խաղաղության պայմանագրի» վերջնական ստորագրման շուրջ։
Ժամեր շարունակ հայ հասարակությունը սպասում էր պետական մակարդակով պարզաբանման։ Տասնյակի հասնող զանգերից հետո ՀՀ Կառավարության լրատվական վարչությունից մեր զանգին արձագանքեցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չեն կարող ոչ հերքել, ոչ հաստատել։
«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և հետևաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- նշեցին ՀՀ Կառավարության լրատվական վարչությունից։
Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 15-ը Փաշինյանը գտնվում է արձակուրդում, և ԱՄՆ մեկնելու համար պետք է վաղաժամ վերադառնա։
Նարե Գնունի