Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատասխանատվության ենթարկեք «Վեոլիա ջուր» ընկերությանը. մասիվցիների բաց նամակը՝ Փաշինյանին ու Ավինյանին

Blog Image

MediaHub-ին դիմել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ՝ խնդրանքով հրապարակել իրենց բաց նամակը Նիկոլ Փաշինյանին և Տիգրան Ավինյանին, որպեսզի իրենց հուզող խնդիրը վերջապես լուծում ստանա:

«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք՝ Նոր Նորքի չորրորդ զանգվածի բնակիչներս, հայտնվել ենք սանիտարական անբարեկեցիկ պայմաններում։ Խմելու և կենցաղային ջրի մատակարարումը պարբերաբար ընդհատվում է, հաճախ՝ ամբողջ օրով, երբեմն՝ մի քանի օր անընդմեջ։

Ջուրն, ըստ էության, հասանելի է միայն ուշ գիշերային ժամերին և էլի՝ շատ թույլ ճնշմամբ։ Բնակիչները ստիպված են ջուր հավաքել ամաններում գիշերվա ժամերին՝ չիմանալով, թե երբ այն կրկին կլինի կամ կվերադառնա։ Իսկ ցերեկը՝ լողանալ, լվացք անել, ուտելիք պատրաստել, նույնիսկ զուգարան օգտագործելն անհնար է դարձել։

«Վեոլիա ջուր» ընկերության օպերատորները, որոնց դիմում ենք ամեն օր, տալիս են հակասական պատասխաններ՝ «վթար է», «ճնշում չկա», «աշխատանքներ են ընթանում»։ Բայց նույն պատասխանը կրկնվում է շաբաթներ շարունակ։ Եվ որևէ իրական ու պատասխանատու լուծում չի առաջարկվում։ Ոչ մեկը չի կարող հստակ ասել՝ երբ կվերականգնվի բնականոն ջրամատակարարումը։ Նույնիսկ դադարել են զանգերի պատասխանել:

Մինչդեռ ջրի անխափան մատակարարումը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի կարգավիճակ ունի, և այն մատակարարող ընկերությունը պարտավոր է ապահովել նվազագույն ծառայությունների որակ և թափանցիկություն։
Այս իրավիճակում խախտվում են մարդու մի քանի հիմնարար իրավունքներ՝
արժանապատիվ ապրելու,
անվտանգ սանիտարական պայմաններում լինելու,
ջրին մշտական հասանելիություն ունենալու իրավունքները։
Ցավալի է, որ այս ամենը տեղի է ունենում առանց որևէ վերահսկողության կամ պետական արձագանքի։ 
Այս բողոքը ոչ միայն իմ անձնական դժգոհությունն է, այլ հազարավոր ընտանիքների, ովքեր օրեր շարունակ ապրում են առանց տարրական հիգիենայի հնարավորության։

Մենք պահանջում ենք՝
Հստակ պարզաբանումներ՝ ինչո՞ւ և դեռ որքա՞ն երկար է շարունակվելու այս իրավիճակը,
Գործողությունների պլան և ժամկետ՝ խնդրի վերջնական լուծման համար,

Պատասխանատվություն՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից տվյալ տարածքի սպասարկման խախտումների համար։
Ժամանակն է, որ պետական մարմինները հիշեն՝ ջուրը միայն վճարվող ծառայություն չէ, այլ մարդու կենսական անհրաժեշտություն, և այդ իրավունքը պաշտպանելն իրենց պարտականությունն է»։

Send