Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Telcell–ի վալիդատորները կրկնակի՞ են գանձում գումարը

Blog Image

MediaHub-ին դիմել են մի շարք քաղաքացիներ, ում բողոքները կապված են ավտոբուսներում տեղադրված վավերականացնող սարքերի (վալիդատորների) հետ։

Բանն այն է, որ մի շարք քաղաքացիների մոտ վալիդատորները չեն ճանաչում բանկային քարտերը կամ կրկնակի գումար են գանձում բանկային քարտերից։

«Երեկ ավտոբուսում վալիդատորը կրկնակի է գումարը գանձել իմ բանկային քարտից, առաջին անգամ քարտը մոտեցրեցի վալիդատորին և այն ցույց տվեց, որ գործարքը տեղի չունեցավ՝ կարմիր լույս վառվեց, երկրորդ անգամ՝ կանաչ լույս և գումարը գանձվեց։ Սակայն, մի քանի րոպե անց նայեցի իմ բանկային հաշիվը, և պարզվեց վալիդատորը կրկնակի է գանձել, նույն րոպեին 150 դրամի փոխարեն՝ 300 դրամ է գանձել»,– նշեց մեզ դիիմած քաղաքացին։

Բացի դրանից, մեզ դիմած քաղաքացիները նշում են, որ շատ անգամ վալիդատորները չեն ճանաչում բանկային քարտերը։ Խանութներում, սուպերմարկետներում, դեղատներում և մի շարք այլ առևտրային կետերում գործարքները բանկային քարտերով նորմալ կատարվում են, իսկ վալիդատորը չի ճանաչում։ 

MediaHub-ը կապ հաստատեց Telcell համակարգի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հետ, ով նշեց, որ Telcell համակարգը կրկնակի գումար չի գանձում բանկային քարտերից։

«Այդ դեպքում կարող է լինի նախկին պարտքը, կարող է լինի քարտային սահմանափակումը, այսինքն՝ քարտը ունենա գործարքների սահմանափակում, կամ էլ կարող է քարտը վնասված լինել, բանկի հետ խնդիր լինի և այլն։ Քաղաքացիները, եթե նկատել են, որ նույն րոպեին երկու 150 դրամ է գանձել, ապա անմիջապես պետք է դիմեն Telcell, մենք համակարգում տեսնում ենք՝ որ օրը, որ ժամին, որ համարի ավտոբուս է տվյալ անձը նստել, և ինչ խնդիր է եղել։ Այդպիսի դեպք չենք ունեցել, որ երկու անգամ է գանձել գումարը, եթե պարզվի խնդիրը մեզնից է, ապա գումարը հետ կվերադարձնենք»։

Իսկ այն ահազանգերի մասով, թե վալիդատորները չեն ճանաչում բանկային քարտերը, Տոնոյանը նշեց, որ խնդիրը տվյալ բանկային քարտերի հետ է, եթե վալիդատորը կարդում է որևէ գործիք՝ թուղթ, տրանսպորտային քարտ կամ այլ բանկային քարտ, բայց տվյալ անձի քարտը չի ճանաչում, ապա խնդիրն այդ բանկի քարտի հետ է, և քաղաքացին պետք է դիմի բանկ։

«Բանկից պետք է քաղաքացին ճշտի, հնարավոր է, սահմանափակում կա, կամ գումար չկա բանկային քարտում, օրինակ՝ երեկ ARCA համակարգի հետ խնդիր էր եղել, Telcell–ը չէր աշխատում։ Բայց հնարավոր չի, որ քարտը մի երկու անգամ մոտեցնես, մի քանի անգամ գանձի գումարը, այդպիսի դեպք չի լինում, վալիդատորը գանձում է մեկ անգամ, իսկ եթե երկու անգամ է քաշել, հնարավոր է, նախկին պարտքը լինի, այսինքն՝ քաղաքացին, օրինակ, մեկ օր առաջ նստել է ավտոբուս, մոտեցրել է վալիդատորին, այդ պահին գումարը չի գանձվել, հաջորդ օրն է գանձվել։ Ամեն դեպքում, եթե քաղաքացին խնդիր է տեսնում, պետք է դիմի Telcell»,– նշեց Տոնոյանը։

Telcell համակարգի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել վճարման 3 տարբերակով՝ տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից՝ բացի ՎՏԲ-ից), բջջային հավելված: Տոնոյանը նշեց, որ տրանսպորտային քարտը լինելու է անժամկետ։

Մարիաննա Արամյան

Send