Վերջին շրջանում հաճախ են քաղաքացիները բողոքում հանրային տրանսպորտ բարձրացած շատ ուղևորների վարքից։ Ոմանք հայհոյում են, ոմանք բոլորին վիրավորում, կան դեպքեր, երբ անգամ ձեռնափայտով հարվածում են կողքին կանգնած կամ նստած մարդկանց՝ պատճառաբանելով, թե մյուս ուղևորները խանգարում են իրենց, կամ շնչներին են կանգնած։
Այսօր էլ մայրաքաղաքի տրանսպորտներից մեկում մի տղամարդ սկսել էր բարձր երգել, տարբեր բաներից խոսել՝ խանգարելով մյուս ուղևորներին։ Համացանցում տարբեր տեսանյութեր հայտնվեցին այդ դեպքի հետ կապված։ Քաղաքացիներից շատերը չգիտեն՝ ինչ պետք է անել այդ ժամանակ՝ միջամտե՞լ, դիտողությո՞ւն անել արտասովոր վարք դրսևորող ուղևորին, թե՞ պարզապես հանդուրժել ու սպասել՝ երբ է այդ ուղևորը հասնելու իր կանգառին և իջնելու ավտոբուսից։ Պարզ էլ չէ՝ ընդհանրապես հանրային տրանսպորտում այս առումով հսկողություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Մայրաքաղաքի բոլոր ավտոբուսներում տեսախցիկներ կան տեղադրված, որոնցով մենք հսկողություն ենք իրականացնում․ հետևում ենք թե՛ վարորդի վարքին, թե՛ ուղևորների։ Այս պահին համակարգն ակտիվացված չէ միայն փոքր միկրոավտոբուսներում և «Հայգերներում», իսկ մյուսների դեպքում մենք տեսախցիկներով հսկողություն իրականացնում ենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով, սակայն, միայն տեսախցիկներով հսկողություն իրականացնելը ֆիզիկապես անհնար է, քանի որ մոտ մեկ տասնյակի հասնող հսկիչները չեն կարող երթուղում այդ պահին գտնվող հարյուրավոր մեքենաների տեսախցիկներին հետևել։ Նրանցից մեկ-երկուսը կարող է այդ պահին ավտոբուսներում հսկողություն իրականացնելիս լինեն՝ հասկանալու՝ վարորդը կոկիկ հագնվա՞ծ է, չի՞ ծխում, չի՞ խոսում հեռախոսով, կամ մեքենայի խցիկը մաքո՞ւր է։
«Մենք նաև վարորդներին ենք տեղեկացրել, որ եթե ուղևորը պատշաճ վարք չի ցուցաբերում, ապա իրենք կարող են զանգել, որպեսզի հսկիչ ուղարկենք ու խնդիրը հարթվի։ Հսկիչները թիվը 7-8 է, նրանք, պարզ է, ունենալով մի քանի գործառույթ, չեն կարող անընդհատ հետևել իրավիճակին, ուստի վարորդը պետք է զանգի, դիմի, որ նրանցից որևէ մեկը մոտենա ու հասկանա՝ ինչ խնդիր է առաջացել»,- նկատեց նա։
Ասատրյանն ասաց, որ վարորդներից հաճախ են ստանում ահազանգեր և տեսուչներ են ուղարկում դեպքի վայր։
«Այս դեպքում ահազանգ ստացած հսկիչը գնում է հորդորում է քաղաքացուն իջնել ավտոբուսից։ Եթե քաղաքացին հրաժարվում է իջնել, ապա նա կարող է, օրինակ, դիմել ոստիկանություն, որպեսզի ուղևորին իջեցնեն մեքենայից։ Դեպքերը տարբեր են, հսկիչն իրավունք չունի ուժի կիրառմամբ քաղաքացուն իջեցնել մեքենայից, եթե անգամ վերջինս հրաժարվում է իջնել ու խաթարում է մյուսների ազատ երթևեկելու իրավունքը»,- ամփոփեց խոսքը Գեղամ Ասատրյանը։
Նարե Գնունի