Հանրապետության տարածքում այսօր 16:00-ից սկսած բարձր ջերմային ֆոն է լինելու․ օդի ջերմաստիճանը հասնելու է +40-42 աստիճանի։ Ինչպե՞ս այս պայմաններում պահպանել առողջությունը և պայքարել ինքնազգացողության վատացման դեմ։ Այս և բազմաթիվ այլ հարցերի մասին MediaHub-ը զրուցել է սրտաբան, թերապևտ Լամարա Մանուկյանի հետ։
«Նման բարձր ջերմաստիճանի դեպքում մարդկանց մոտ կարող է արձանագրվել ջերմային հարված։ Այն տեղի է ունենում, երբ մարմնի ջերմակարգավորման համակարգը խափանվում է, սովորաբար զուգորդված ջրազրկման և այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են՝ նյութափոխանակության չափազանց մեծ ջերմարտադրությունը (ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով), շրջակա միջավայրի չափազանց բարձր ջերմաստիճանը և ջերմության անբավարար ցրումը: Սա հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի արագ բարձրացման, ինչը քրտնարտադրության միջոցով մարմնի սառեցման մեխանիզմը դարձնում է անարդյունավետ: Արդյունքում, մարմինը չի կարողանում ինքն իրեն սառեցնել` առաջացնելով համակարգային բորբոքում, որը վնասում է մարմնի բջիջները:
Այս վիճակը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են բազմաօրգանային անբավարարությունը կամ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) դիսֆունկցիան: ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 700 մարդ մահանում է ջերմային հարվածից, ինչը ընդգծում է դրա վտանգավորությունն ու լրջությունը որպես բժշկական վիճակ»,- նշեց սրտաբանը։
Նրա խոսքով՝ այս եղանակային պայմաններում մեծ է նաև հիպերթերմիայի ռիսկը։
«Հիպերթերմիայի հետ կապված հիվանդությունների ռիսկի խմբում են նրանք, ովքեր հաճախակի գտնվում են բարձր ջերմաստիճանի ներքո՝ առանց ստվերի, ջրի կամ համապատասխան հագուստի հասանելիության: Հատկապես խոցելի են նրանք, ովքեր ջրազրկված են հիվանդության, հեղուկի անբավարար ընդունման կամ ալկոհոլի չարաշահման պատճառով: Ճարպակալումը նույնպես ռիսկի գործոն է, որն ինքնին մեծացնում է ջերմային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կարևոր է նշել, որ կանայք ավելի քիչ դիմացկուն են բարձր ջերմությանը, քան տղամարդիկ, հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ: Սա պայմանավորված է մարմնի ջերմակարգավորման համակարգով»,- նկատեց մեր զրուցակիցը։
Լամարա Մանուկյանը ներկայացրեց՝ ջերմային հարվածի հիմնական ախտանշաններն են առատ քրտնարտադրությունը, թուլությունը, սառը, գունատ, խոնավ մաշկը, թույլ զարկերակը, հնարավոր են նաև մկանային կծկումներ ոտքերի, փորի շրջանում, ինչպես նաև գլխապտույտ, ուշագնացություն, սրտխառնոց և փսխում: Նրա խոսքով՝ ջերմային հարվածը կանխելու ամենահիմնական և պարզ միջոցը գերտաքացմանը նպաստող պայմաններին երկարատև ազդեցության սահմանափակումն է։
«Խուսափեք ջերմության երկարատև ազդեցությունից, փորձեք նվազագույնի հասցնել բաց արևի տակ անցկացրած ժամանակը օրվա ամենատաք ժամերին (ժամը 11:00-ից մինչև 16:00): Այս ժամին ուլտրամանուշակագույն ճառագայթումն առավել ինտենսիվ է, և գերտաքացման ռիսկը ավելի բարձր է։ Բացի այդ, կրեք բամբակյա, շնչող, ազատ հագուստ, որը հնարավորինս ծածկում է մարմնի մեծ մասը և պաշտպանում է արևի ուղիղ ճառագայթներից: Օգտագործեք լայն եզրերով գլխարկներ, կեպիներ կամ պանամաները՝ գլուխը պաշտպանելու համար»,- ներկայացրեց մասնագետը։
Լամարա Մանուկյանը հորդորում է օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ 2-3 լիտր ջուր և/կամ էլեկտրոլիտներ պարունակող ոչ ալկոհոլային և ոչ գազավորված ըմպելիքներ, հատկապես շոգ եղանակին: Սա կօգնի պահպանել մարմնի ջրային հաշվեկշիռը և կանխել ջրազրկումը, որը մեծացնում է ջերմային հարվածի ռիսկը։
Նարե Գնունի