Շուրջ մեկ ամիս է՝ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան ճանապարհի «Արծվի թևեր» չհասած հատվածում կամրջի վերանորոգմամբ պայմանավորված վարորդները ստիպված են լինում մոտ հարյուր մետր հատվածն անցնել հանդիպակաց ճանապարհով, իսկ մինչ այդ առնվազն 20-30 րոպե խցանման մեջ անցկացնել։
Մի շարք վարորդներ մեզ հետ զրույցում իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ աշխատանքից չուշանալու համար ստիպված են 40 րոպե շուտ դուրս գալ տնից, իսկ աշխատանքներն, ինչպես իրենք են ամեն օր տեսնում, շատ դանդաղ են առաջ գնում։
MediaHub-ը փորձեց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից ճշտել, թե երբ են ավարտվելու կամրջի հիմնանորոգման աշխատանքները։
Ի պատասխան մեր հարցի՝ դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիլիթ Գրիգորյանն ասաց. «Մ-4 միջպետական ճանապարհի մոտ 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է մինչեւ 2025թ. վերջ»։
Այսինքն՝ վարորդները դեռևս երկու ամիս ստիպված են լինելու հանդուրժել այդ խցանումները։
Նարե Գնունի