Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում։
Ինչպես նշվում է հայտարարությունում՝ նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից կրթօջախում շարունակում է տիրել լարված իրավիճակը, քանզի նախաձեռնող խմբի դիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելու է տալիս այդ ամենը։
Նրանք ԿԳՄՍ-ին դիմել էին պահանջով՝ չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, ինչպես նաև պահանջել են հանդիպում Գորիսի պետական քոլեջում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
MediaHub-ի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը նշեց, որ մինչև դասադուլը իրենք պատշաճ ձևով իրազեկում արել են:
«Բոլորին տեղյակ է պահվել, որ եթե լինի հրաման, ապա դրա լինելու հաջորդ վայրկյանից կսկսվի գործադուլ և դասադուլ, և այդպես էլ եղավ։ Այսօր նախարարի խորհրդականներից մեկը եկել է և ներկայացրել է տնօրենի նոր պաշտոնակատարին, կոլեկտիվը չի ընդունել։ Մենք ունենք ներկայացրած դատական հայց, և նաև պահանջ սպասել դատական ակտին, դրանից հետո ինչ ուզում են թող անեն»,- նշեց տնօրենը։
Լազարյանի խոսքով, կոլեկտիվը տրամադրված է և չի կարծում, որ նախարարությանը կհաջողվի հասնել իրենց նպատակին։
«57 հոգի՝ աշխատակիցները, նամակ են գրել և ասել են՝ «հարգելի նախարարություն, մեր 57-ի կարծիքը գոնե մի անգամ հաշվի առեք, եթե հաշվի չեք առնում, ապա մենք էլ ձեր ոչ մի ասած հրաման հաշվի չենք առնելու, մարդիկ նույնիսկ պատրաստ են աշխատանքից դուրս գալուն»։ Երբեմն-երբեմն Երևանից այն կողմ այս կողմերը չի երևում, շատերին թվում է, թե այստեղ մարդիկ չկան, այստեղ մտածողներ չկան, և իրենց թվում է, թե ինչ ասեն պիտի արվի»,- ավելացրեց նա։
Տնօրենը նշեց, որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ արգելել նախարարությանը Կարեն Լազարյանի հավաստագրի գործունեության հետ կապված որևէ գործունեություն։ Լազարյանը պնդում է, որ սա պատահական չէ, այլ հստակ «պատվեր» է նախարարությանը՝ Սյունիքի մարզպետի ու պատգամավոր Կառլեն Խաչատրյանի կողմից։
Հարցին, թե ո՞րն է պաշտոնյաների թիրախում հայտնվելու պատճառը, արձագանքեց՝ չգիտի, քանզի նրանց հետ շփում չի եղել։ «Ես երբևէ առնչություն չեմ ունեցել իրենց հետ, մենք երբեք չենք թողել, որ մեր գործը խառնեն իրենց քաղաքականությանը, մենք ընդամենը ասում ենք՝ մի խառնվեք մեր գործերին, դուք դրա բարոյական իրավունքը չունեք, թողեք մենք մեր գործը հանգիստ կատարենք»,- հավելեց տնօրեն Կարեն Լազարյանը։
MediaHub-ը թեմայի վերաբերյալ դեռ երեկ էր դիմել ԿԳՄՍՆ-ին, սակայն մինչև այս պահը արձագանք չկա։
Էմմա Մարտիրոսյան