Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Լարված, պայթյունավտանգ. ի՞նչ վիճակ է Մերձավանում

Blog Image

Մերձավանում շարունակում է պահպանվել լարված իրավիճակը: MediaHub-ի աղբյուրի խոսքով՝ իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, բոլորը խոսում են, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ ուղղակի կապ ունի Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը նախապես լքել է երկիրը: 

Ըստ մերձավանցիների՝ չի բացառվում, որ, հնարավոր է, նորից արյուն թափվի, որքան էլ պատկան մարմինները հայտարարում են, թե տիրապետում են իրավիճակին:

«Ոստիկանությունը չի կարող տիրապետել իրավիճակին, թող անիմաստ չխոսան: Նախ տների դասավորվածությունն այնպիսին է, որ շատ հեշտ է կորցնել հետքերը՝ տանից տուն անցնելով, ինչն էլ տեսանք Վալոդյա Գրիգորյանի սպանության ժամանակ: Այնպես որ մերձավանցիները վախենում են, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ ամեն օր Վալոդյայի հարազատները այցելում են գերեզմանատուն, բացի հարգանքի տուրք մատուցելուց, նրանք նաև այդպիսով հսկում են շիրիմը: Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ մերձավանցիները վստահ են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր շիրմաքարը հենց իր կողմնակիցներն են կոտրել, որպեսզի լարվածությունն ընտանիքների միջև ավելի խորացնեն:

Մերձավանում կարծում են, որ ՔՊ-ին ձեռք է տալիս այս լարվածությունը պահելը, այն թոթափելը ամենևին էլ իրենց պլանների մեջ չի մտնում:

Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի Արծրուն Գալստյանը։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է  Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Send